Միջազգային

Ժնևում սպասվում է Բլինքեն-Լավրով հանդիպում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը՝ հունվարի 21-ին, հանդիպելու են Ժնևում՝ քննարկելու ԱՄՆ-Ռուսաստան, ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններն ու ուկրաինական ճգնաժամը։

Հինգշաբթի օրը Բեռլինում Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա թույլ տալը բոլորին տանելու է շատ ավելի վտանգավոր և անկայուն ժամանակ, երբ Բեռլինը բաժանված էր երկու մասի։ Ըստ նրա՝ բոլորի գլխին կախված է համակողմանի պատերազմի սպառնալիքը։ Պետքարտուղարության պաշտոնյաները հայտարարել են, որ Բլինքենը ձգտելու է Լավրովին առաջարկել «դիվանագիտական ​​լուծում»՝ լարվածությունը թուլացնելու համար:

Մինչև այդ՝ չորեքշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չէր բացառել, որ Ռուսաստանը ակտիվանալու է ուկրաինական ուղղությամբ, ինչը կարող է բերել «աղետալի» հետևանքների։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն էլ կոչ էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրաժարվել և հետ կանգնել Ուկրաինայից, քանի դեռ թույլ չի տրվել խոշոր ռազմավարական սխալ, ինչը կհանգեցնի մարդկային մեծ կորուստների: Իր հերթին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքը խոստացել էր անհապաղ միջոցներ ձեռնարկել ռուսական ցանկացած ներխուժման դեմ և չէր բացառել միջոցների կիրառում, որոնք կարող են տնտեսական հետևանքներ ունենալ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ Ուկրաինային լրացուցիչ զորքեր է մատակարարում ուսուցման և պաշտպանական նպատակով: