Տեսակետ

Ժամանակակից աշխարհում փիլիսոփայությունը լուրջ անելիքներ ունի

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Փիլիսոփայության վերաբերյալ հանրային արդի ընկալումները բավականին ձևախեղված են։ Տպավորություն կա, թե մարդիկ չեն հասկանում, թե ինչ է դա կամ էլ ինչի համար է նախատեսված։ 
Դրա համար էլ երևի թե ի հայտ են եկել «ծակ փիլիսոփա» կամ էլ «ծակ-ծակ փիլիսոփայել» ժողովրդական խոսքերը։ Էս ձևակերպումների խորքում անհատի դիմադրությունն է բարդ ստորադասական անհեթեթ նախադասություններին, ինչպես նաև կյանքի այս կամ այն դրվագին վերաբերող սրամտություններին։ Սրա մյուս ծայրահեղությունը աֆորիզմապաշտությունն է կամ էլ վուլգար բառախաղը։ Այս համատեքստում փիլիսոփա կարող է հռչակվել Գարեգին Նժդեհը, կամ էլ ինչ-որ մեկը Արթուր Մեսչյանի երգերը լսելիս անպայման կնկատի․ խորը փիլիսոփա է, հատկապես՝ խորը։ 
Մի խոսքով փիլիսոփայությունը այս ամենի հետ ընդհանրապես կապ չունի, ինքը բարդ նախադասությունների կույտ կամ էլ կենցաղային սրամտություն չէ, հատկապես սիրո և հայրենիքի մասին։ 
Իսկ եթե էլ ավելի բարդացնենք խնդիրը, ապա փիլիսոփայությունը գիտություն էլ չէ և չի էլ կարող համանման հավակնություն ունենալ։ 
Առանց ավելորդ պաթոսի, առանց Կանտի և Հայդեգերի բացարձակ պաշտամունքի, փիլիսոփայությունը ընդամենը պարզ գործիք է, մեթոդաբանություն, որը առաջադրում է խնդիրներ և զբաղվում դրանց լուծմամբ։ Հազարամյակների և հարյուրամյակների ընթացքում խնդիրների շրջանակն անընդհատ նեղանում է, քանի որ անընդհատ ի հայտ են գալիս նոր գիտություններ։ Օրինակ՝ 21-րդ դարում փիլիսոփայությունն այլևս անելիք չունի ֆիզիկայի, կենսաբանության և այլ բնական գիտությունների բնագավառում։ Բայց սրանից դրա արժեքը չի կորում, նույնիսկ եթե հարյուրամյակներ շարունակ այն զբաղվել է այդ հիմնախնդիրներով։ Ֆիզիկոսներն ու կենսաբանները այլևս փիլիսոփաների կարիք չեն զգում, որովհետև իրենք արդեն իսկ իրենց մասնագիտությունների մեջ փիլիսոփաներ են։ 
 Բայց սրանից անդին ժամանակակից աշխարհում փիլիսոփայությունը լուրջ անելիքներ ունի հումանիտար գիտությունների բնագավառում՝ պատմագիտության, մշակութաբանության, սոցիոլոգիայի՝ հետազոտության գլխավոր առարկա դարձնելով մարդուն և նրա միջավայրը»։