Մամուլ

Իշխանությունը նախագահի մի քանի թեկնածու է դիտարկում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխանության անդամները ցայտնոտի մեջ են, չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել որպես նախագահի թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» թեև վաղուց էր ցանկանում յուրային նախագահ ունենալ ու, այսպես ասած, ազատվել Սարգսյանից, բայց չէին պատկերացնում, որ նոր նախագահ «նշանակելը» մեծ խնդիր կդառնա իրենց համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե՛ իշխող ՔՊ-ն, թե՛ խորհրդարանական համանուն մեծամասնությունն այժմ սպասում են առաջիկայում սպասվող նիստերին, որին Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթվա վերջ հավանաբար կկայանա իշխանության՝ Դիլիջանի հետաձգված արտագնա նիստը: Հենց այդ ժամանակ էլ ներկաները կքննարկեն կամ, ավելի շուտ, կիմանան՝ ով է ՔՊ-ի թեկնածուն։ Բանն այն է, որ նախագահի թեկնածուին Փաշինյանն անձամբ է ընտրելու ու ներկայացնելու թիմակիցներին, ու այնպես չէ, որ կուսակցականներն առարկելու կամ քննարկելու են թեկնածուի ընտրության հարցը։