Քաղաքական

Իրանը և Հայաստանը պետք է բարձրացնեն միմյանց ճանաչողության մակարդակը

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին՝ ասելով, որ հարաբերությունները շատ լավ հիմք են միջպետական երկկողմ հարաբերություններն առավել ընդլայնելու համար:

Նրա խոսքով. «Գրեթե երկու տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում, և իմ տպավորություններից մեկն այն է, որ մենք պետք է բարձրացնենք միմյանց մասին ունեցած մեր ճանաչողության մակարդակը»։ Դեսպանը շեշտել է, որ բոլոր ոլորտներում էլ հնարավոր է բարելավել հարաբերությունները, և դրա համար մեծ խոչընդոտներ չկան:
Նա կարևորել է հայ և իրանցի գործարար շրջանակների շփումների ակտիվացումը, միջպետական ճանապարհների բարեկարգման նախագծերն ավարտելը. «Տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը մեծապես կարող է նպաստել Թեհրանի նախաձեռնած «Պարսից ծոց -Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որի մաս է կազմում Հայաստանով անցնող «Հյուսիս -Հարավ» ավտոճանապարհը: Մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, երբ Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի ավազանի հսկայական բնակչությունը հարմար երթուղի է ձեռք բերում բեռները դեպի Սև ծով և Եվրոպա փոխադրելու համար, և որպես կանոն դրանից հիմնականում կշահեն երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրները»։

Նախագծի ամենաազդեցիկ և կարևոր հատվածներից մեկն, ըստ դեսպանի, «Հյուսիս – Հարավ»-ի չորրորդ տրանշի մի մասն է, որը կմիացնի Քաջարանը և Սիսիանը մի շարք կամուրջներով և թունելներով: Իրանի կողմից դիտարկվող հիմնական տարանցիկ երթուղին Նորդուզ-Սյունիք-Երևան ցամաքային ճանապարհն է: