Իրանի ԱԳՆ-ն չի բացառում ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման շուրջ համաձայնության գալը
Միջազգային
24 Հունվարի 2022, 15:47
Իրանական կողմը չի բացառում ԱՄՆ-ի հետ գերիների փոխանակման շուրջ համաձայնության գալը, սակայն այդ հարցը պետք է քննարկվի միջուկային գործարքից առանձին։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ Ավելի վաղ Իրանի հարցով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Վաշինգտոնը դժվար թե Թեհրանի հետ համաձայնագիր կնքի միջուկային գործարքի շուրջ, եթե իրանական կողմը չազատի ԱՄՆ չորս քաղաքացիների։
Ի պատասխան իրանական IRNA պետական գործակալությունը հայտնել է, որ ամերիկյան կողմի նման հայտարարությունները միայն բարդացնում են համաձայնության հասնելը։ Հոդվածում նշվում է, որ Վաշինգտոնը մի կողմից խոսում է բանակցային գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին, բայց մյուս կողմից առաջ է քաշում պայմաններ, որոնք իրականում երկխոսության սաբոտաժ են։