Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում երեկ հանդիպում էր տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք քննարկել են Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիներ։
ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը գաղափարական հակառակորդներ են։ Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում հիմնական ընդդիմությունը ՀՅԴ-ն է եղել, նրանք այս տարիներին մշտապես քննադատել են ՀՀՇ իշխանությանը։
Radar Armenia-ն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ տասնամյակների քաղաքական տարաձայնությունները չե՞ն խանգարում համագործակցությանը։
- Ոչ, քաղաքական տարաձայնությունները չեն խանգարում համագործակցությանը։ Երկիրը այնպիսի իրավիճակում է, որ բոլոր քաղաքական ուժերը բազմաթիվ հարցերում տարաձայնությունները մի կողմ են դնում՝ իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու համար։
- Ինչպե՞ս եք համագործակցում, դժվար չէ՞ գաղափարականորեն տարբեր ուժի հետ խոսելը։
- Համագործակցությունը կարող է լինել տարբեր ձևաչափերով։ Քննարկման ընթացքում ձևակերպված նպատակները ընդունելի են եղել երկու կողմերի համար։ Պատմության մեջ միշտ էլ եղել են ճակատագրական պահեր, երբ տեղի է ունեցել համագործակցություն կամ երկխոսություն։