Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանում տեղի ունեցած իրադարձությունները։
- Շարունակական շղթայի ներքին օղակ։ Իրանը արտաքին մակարդակի վրա հարվածներ ստանալուց հետո հիմա դիմագրավում է ներքին լրջագույն խնդիրների։ Սրանք փոխկապակցված են։ Ներքին դժգոհությունը կապված է տնտեսական ճգնաժամի և սոցիալական սուր խնդիրների հետ։ Իսկ դա արդյունք է պատժամիջոցային քաղաքականության խստացման։
- Իրանում իրավիճակը գործող իշխանության վերահսկողության տա՞կ է, արդյոք հանդարտվել է, թե ոչ։
- Չեմ կարծում, որ լրիվ հանդարտվել է իրավիճակը։ Տեղեկատվությունը թերի է, և դժվար է համընթաց պատկերացնել կատարվածների մասին։ Նման դեպքերը նախընթացներ ունեն, որոնք շուտով բերվել են վերահսկելի դաշտ։ Այս անգամ տարբերությունն այն է, որ դեպքերը պատահում են արտաքին ճակատագրական հարվածներից հետո, ինչը խրախուսում է ընդդիմադիրներին՝ ավելի համարձակ դուրս գալ փողոց։
- Իրան-ԱՄՆ պայմանավորվածություններ եղե՞լ են, և հնարավո՞ր է սպասել ամերիկյան հարվածի։
- Մինչև երկու օր առաջ երևույթները խոսում էին ամերիկյան հարվածների անմիջականության մասին։ Երբ Թրամփն ասեց, որ իրեն զեկուցել են, թե սպանությունները դադարել են, և մահապատիժ չի գործադրվելու, արդեն նախաբան էր, որ հարվածներն առնվազն հետաձգվում են։ Չի բացառվում որ դարձյալ հարվածելու մասին հայտարարություններ լինեն կամ համապատասխան նախապատրաստություններ։ Դա կախյալ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ելևէջներից։
- Իրանում հնարավոր կլինի՞ իշխանափոխություն։
- Չեմ կարծում, որ իշխանափոխությունը նպատակ է։Նպատակը Իրանի դերի վերասահմանումն է և այդ առումով քաղաքականության արմատական փոփոխությունը։
- Անցնող շաբաթվա ամենակարևոր իրադարձություններից մեկն էլ TRIPP-ի շուրջ հայտարարությունն էր։ Սա ինչպես կմեկնաբանեք։
- Այո, այդ թեժ պայմաններում Իրանի փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը Երևանում համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկում էր ապաշրջափակման օրակարգը, ընդ որում, TRIPP-ի բոլոր հավանականությունները։ Ուշագրավ էր, որ դրական հայտարարություններ էր անում այդ մասին։
- Արդյոք TRIPP-ի իրագործումը տարածաշրջանային ուժերին էլ է ձեռնտու, և նրանք կփորձե՞ն որևէ կերպ խոչընդոտել. այս առումով արձագանքները ինչպե՞ս կգնահատեք։
- TRIPP-ն, ըստ էության, աշխարհաքաղաքական շրջադարձ է տարածաշրջանում։ «Նոյեմբեր 9»-ի վերափոխումն է «Օգոստոս 8»-ի։ Այս միտումը շարունակվելու է։ Իսկ իրանյան հարաբերակցությամբ, TRIPP-ը նաև Իրանի ապաշրջափակումն է՝ ամերիկյան վերահսկողության ներքո։
- Ըստ Ձեզ, ե՞րբ կարելի է TRIPP-ը տեսնել գործողության մեջ։
- Դա կախված է հիմնականում ամերիկյան աճապարանքից, կանգառներից կամ դանդաղկոտությունից։ Կանոններ ճշտողը այս դեպքում ևս Վաշինգտոնն է։
Արման Գալոյան