Հարցազրույց

ԱՄՆ-ն ցանկանում է ակտիվ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում. Նարեկ Մինասյան

ԱՄՆ-ն ցանկանում է ակտիվ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում. Նարեկ Մինասյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վաշինգտոն այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ ստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարություն;

Radar Armenian-ի հետ զրույցում «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը, մեկնաբանելով ստորագրված փաստաթուղթը, այն կարևոր որակեց: 

- «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի» վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների ընդունված համատեղ հայտարարությունը բավական կարևոր է: Թեև փաստաթուղթը իրավական պարտավորություններ չի առաջացնում, սակայն այն ուղենշային է լինելու առաջիկա ամիսներին նախագծի հետ կապված իրավական ուժ ունեցող փաստաթղթերի ձևակերպման համար:

Հայտարարությունը հիմնվում է 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված խաղաղության հռչակագրի վրա և արձանագրում է ԹՐԻՓՓ-ի կյանքի կոչման պարամետրերը:

Հայտարարությունը կարևոր է մի քանի առումով: Քաղաքական տեսանկյունից այն ազդակ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հարավային Կովկասում, հատկապես՝ հաղորդակցությունների և տնտեսական ինտեգրման օրակարգում։ Միևնույն ժամանակ այն վերահաստատում է Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը՝ դառնալով տարածաշրջանային երկարաժամկետ կայունության ապահովման կարևոր հիմք: Տնտեսական առումով, հայտարարությունը Հայաստանի և Նահանգների համար բացում է ներդրումային և ենթակառուցվածքային համագործակցության աննախադեպ հնարավորություններ:   

-ՀՀ-ԱՄՆ հայտարարությամբ նախատեսվում է TRIPP-ի զարգացման ընկերությանը 49 տարով կառուցապատման իրավունք տրամադրել՝ սկզբնական փուլում ԱՄՆ-ին փոխանցելով 74% մասնաբաժին։ Ինչպե՞ս եք գնահատում նման երկարաժամկետ համագործակցությունը։

- 49 տարվա ժամկետն ինքնին արտառոց չէ միջազգային ենթակառուցվածքային նման նախագծերի համար: Այն սովորաբար անհրաժեշտ է խոշոր ներդրումների վերադարձելիությունն ապահովելու համար։ Ուստի նման ժամկետը նախևառաջ տնտեսական գործոններով է պայմանավորված։ Ինչ վերաբերում է բաժնեմասերի՝ 74/26% հարաբերակցությանը, դա պայմանավորված է Միացյալ Նահանգների և Հայաստանի կողմից նախատեսվող ներդրումների հարաբերակցությամբ: Ամերիկյան կողմն արդեն հայտարարել է Հայաստանի ենթակառուցվածքային, սահմանային և մաքսային կարողությունների զարգացման գործում մեծ ներդրումների պատրաստակամության մասին և որպես առաջին տրանշ արդեն Հայաստանին տրամադրել է 145 միլիոն դոլար աջակցություն: Թրամփի վարչակազմի կողմից այլ երկրներում նման ներդրումներ շատ քիչ կարելի է հանդիպել, ինչը նաև հստակ քաղաքական ուղերձ է Հայաստանին և տարածաշրջանին:

Չի բացառվում նաև, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով, և այդ ժամանակ Հայաստանի կառավարության սեփականության մասնաբաժինը կդառնա 49%։ 

Չնայած մասնաբաժինների նախնական հարաբերակցությանը՝ կարևոր է այն հանգամանքը, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ կապված բոլոր հարցերը ենթակա են համաձայնեցման Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից, իսկ սկզբունքային հարցերում Հայաստանը կունենա վերահսկողություն: 

- Որքանո՞վ փարատվեցին այն կասկածները, որ TRIPP-ի շրջանակներում Հայաստանի իրավասությունների ու լիազորությունների հետ կապված կար հանրային քննարկման տիրույթում։

- Փաստաթղթում բավական հստակ և միանշանակորեն արձանագրում է ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ Հայաստանի լիակատար ինքնիշխանության և իրավազորության պահպանումը, ինչը հայկական կողմի գլխավոր կարմիր գծերից է: Հատկանշական է, որ այս համատեքստում փաստաթուղթը բավական մանրամասն է և ընդգծում է օրենսդիր, կարգավորիչ, դատական, ազգային անվտանգության, իրավապահ գործունեության, մաքսային և սահմանային վերահսկողության հարցերում Հայաստանի իրավազորության ապահովումը: Հայաստանի պետական մարմիններն ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չեն իրականացնելու։

Հայաստանյան քաղաքական և հանրային շրջանակներում ԹՐԻՓՓ-ի հետ կապված կային օբյեկտիվ և սուբյեկտիվ մտահոգություններ: Կարծում եմ՝ հրապարակված հայտարարությունը տալիս է հուզող շատ հարցերի պատասխաններ և փարատում է օբյեկտիվ մտահոգությունները: Չնայած այդ ամենին, հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունները, վստահ եմ, որ թեմայի շուրջ քաղաքական շահարկումները կշարունակվեն և դրանք կդառնան նախընտրական քարոզչության մաս:

- Իսկ կա՞ն արդյոք մտահոգություններ այս հայտարարության ու դրա իրագործման հետ կապված։

- Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից հրապարակված հայտարարությունը TRIPP-ի կյանքի կոչման սկզբնական փուլն է: Առաջիկայում համաձայնեցված պարամետրերի հիման վրա դեռ պետք է մշակվեն և ստորագրվեն մի շարք իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության կանոնադրությունը:

Նախագծի կյանքի կոչման հարցում բավական կարևոր է նաև Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում ստանձնած հանձնառությունների պահպանումը: Պաշտոնական Բաքուն դեռ չի արձագանքել հայտարարությանը, և հստակ չէ, թե ինչպես կդիրքավորվի:

Ակնհայտ է, որ համաձայնեցված պարամետրերը չեն տեղավորվում Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք ստանալու՝ Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների տրամաբանության շրջանակում: Ընդունված հայտարարությունը հնարավորություն է տալիս ապաշրջափակել հաղորդակցությունները, ընդլայնել տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։

Վաշինգտոնն ակտիվ շփումների մեջ է նաև Բաքվի հետ, և կարծում եմ՝ ամերիկյան գործոնը վճռորոշ կլինի Ադրբեջանում որոշումների կայացման հարցում:

- Ինչպե՞ս կարող է այս համաձայնությունը ազդել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքի վրա՝ հաշվի առնելով տարածաշրջանում մրցակցող ուժերի շահերը:

- Այս համաձայնությունը կարող է զգալիորեն ամրապնդել Հայաստանի ինքնիշխանությունը և բացել նոր հնարավորություններ՝ որպես տնտեսական գործընկեր: TRIPP-ի կյանքի կոչումը կամրապնդի նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ նվազեցնելով մեկ կենտրոնից կախվածությունը և ընդլայնելով նաև հայկական կողմի մանևրելու հնարավորությունները։ Դա Հայաստանին տալիս է լրացուցիչ քաղաքական կշիռ և բանակցային ռեսուրս՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ լայն միջազգային հարթակներում։

Ակնհայտ է նաև այն, որ թեև մի շարք տարածաշրջանային դերակատարներ ներգրավված չեն նախագծում, սակայն կարող են որոշակի դերակատարում ունենալ ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում և զգալիորեն շահել: Օրինակ, ապաշրջափակման համատեքստում Իրանը և Ռուսաստանը երկաթուղային կապի հնարավորություն կարող են ստանալ Հայաստանի հետ, ինչը լուրջ խթան կդառնա տնտեսական համագործակցության տեսանկյունից: Բավական կարևոր է, որ պաշտոնական Երևանն ակտիվ աշխատանք տանի տարբեր դերակատարների հետ մրցակցության փոխարեն՝ պրագմատիկ   հնարավորությունների իրացման համար: 

-  Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել չորս գերու։ Այս քայլը ինչպե՞ս կգնահատեք, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության գործընթացի վրա։ 

- Ադրբեջանում պահվող անձանց հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խոչընդոտող հիմնական և ամենազգայուն հարցերից է: 4 հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից բավական դրական քայլ է խաղաղության հաստատման ճանապարհին: Հատկանշական է, որ Հայաստանն իր հերթին Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել ցմահ դատապարտված երկու քաղաքացու՝ նրանց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը Սիրիայում շարունակելու նպատակով: Կարծում եմ այս երկու գործընթացները Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունների մեկ փաթեթի մաս են:  

Ադրբեջանի համար Բաքվում պահվող հայ գերիները հայկական կողմի վրա ազդեցության կարևոր լծակ են, և ցավոք, ադրբեջանական կողմը փորձելու է այն հնարավորինս օգտագործել: Խաղաղության գործընթացում առաջընթացը և փոխվստահության ձևավորմանն ուղղված նախաձեռնությունները մեծացնում են այս և այլ զգայուն խնդիրների վերջնական հասցեագրման հնարավորությունը 

- Ի դեպ, օրերս Թրամփը հայտարարեց՝ Իրանի հետ առևտուր անող երկրների վրա տոկոսանոց մաքսատուրք կկիրառի։ Արդյո՞ք Հայաստանն այս առումով ունի մտահոգվելու բան։

- Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25%-ի չափով հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին Թրամփի հայտարարության հետ կապված անորոշությունը մեծ է: Որոշման մեջ նշված չեն, թե որ երկրների վրա այն կտարածվի: Ամերիկյան գործընկերներիս հետ շփումների ընթացքում, նրանք ևս նշում են, որ հստակ չէ՝ արդյոք այն կկիրառվի նաև Հայաստանի նկատմամբ: 

Հարկ է նշել, որ նախկինում ևս, հակաիրանական ամենատարբեր սահմանափակումների կիրառման ժամանակ, ամերիկյան կողմը միշտ ըմբռնումով է մոտեցել տարածաշրջանային իրողություններով պայմանավորված Հայաստանի առանձնահատկություններին և բացառություններ է արել Երևանի համար: Հաշվի առնելով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ այս անգամ ևս նման բացառության հավանականությունը մեծ է:  

Լաուրա Հարությունյան

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական