Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Տարին բուռն սկսվեց. ԱՄՆ-ն, նախ հարվածներ հասցրեց ու ձերբակալեց Վենեսուելայի նախագահին։ Սա ի՞նչ էր նշանակում. Թրամփը, որ հայտարարել է 8 պատերազմ դադարեցնելու մասին և խաղաղության նոբելյան մրցանակի է հավակնում, ինչու՞ է սրել իրավիճակը։
- Կարծում եմ՝ Վենեսուելայի երևույթը պետք է ընկալել ԱՄՆ- Չինաստան տնտեսական պատերազմի շրջանակներում։ ԱՄՆ-ն ստացել էր լուրջ հարված․ երբ Վենեսուելան դուրս էր եկել նավթի դասական շուկայից, խորացնում էր գործակցությունը Չինաստանի հետ և անգամ փորձեր անում դուրս գալու ամերիկյան դրամանիշի դաշտից և չինականով իր գործարքներն անելու։ Մնացյալը երկրորդական թեմաներ են՝ կոռուպցիա, թմրաբիզնես, արդարություն կամ խաղաղություն։
- Ինչո՞վ կավարտվի Վենեսուելայի շուրջ տեղի ունեցողը. ի՞նչ հետևանքներ կունենա։
- Վենեսուելային փորձ կանեն հնազանդեցնել։ Կվերանայվեն ԱՄՆ-ի հետ առկախված նավթային գործարքները։ Սա կբերի ներքին ցնցումների։ Իսկ արտաքին առումով կսաստկացվի մրցակցությունը Չինաստանի հետ։
- Թրամփը խոսեց նաև Գրենլանդիա կղզին ԱՄՆ-ին անցնելու մասին, ինչին դեմ է Դանիան՝ հիշեցնելով, որ իրենք էլ են ՆԱՏՕ անդամ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Ի՞նչ զարգացումներ են սպասվում։
- Թրամփը վաղուց էր խոսում Գրենլանդիայի մասին։ Այստեղ խնդիրը, տնտեսականին առընթեր, կարծում եմ, առաջին հերթին անվտանգային է՝ նկատի ունենալով այդ երկրի աշխարհագրական դիրքը Չինաստանի և Ռուսաստանի հարաբերակցությամբ։ Դանիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելը կարող է դեր ունենալ, որ Թրամփը ռազմական միջոցի չդիմի, ինչպես վարվեց այլ տեղեր։
- Շատ ակտիվ է մեր տարածաշրջանում. Իրանում արդեն քանի օր է՝ ցույցեր են, կան զոհեր։ Ինչի՞ հետևանք է տեղի ունեցողը։
- Իրանի շրջափակված ու պատժամիջոցների ենթակա լինելը հանգեցնում են խորագույն ճգնաժամերի ինչը տեղի կտա հասարակության ծավալային ընդվզումների։
- Արդյոք տեսնում եք նաև արտաքին հետք, ամերիկյան միջամտություն, քանի որ Թրամփը նաև Իրանին էր սպառնացել։
- Նախադեպեր եղել են։ Այս անգամ, սակայն, տարբերությունն այն է, որ Իրանը դիմագրավում է ներքին սուր խնդիրների՝ արտաքին ճակատի վրա ստացած ծանր հարվածներից հետո։ Նպատակը հարվածահար Իրանը բերելն է վերստին բանակցային սեղան և պարտադրել կանոններ։
- Ինչպե՞ս կհանգուցալուծվի Իրանի շուրջ իրավիճակը. արդյո՞ք ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի Իրանին, մանավանդ, որ Թրամփը երեկ ևս նման սպառնալիք է հնչեցրել։
- Չեմ կարծում, որ դարձյալ ռազմական գործողություններ լինեն։ Դա ավելի շուտ Իսրայելի պահանջն է։ հակառակ այս բոլորին՝ դիվանագիտական խողովակներն աշխատում են։
- Տարածաշրջանի վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենա Իրանում կատարվողը։
- Կարծում եմ՝ պարզ է , որ Իրանի թուլացումից կօգտվեն Ադրբեջանն ու Թուրքիան։ ԱՄՆ-ն պիտի փորձի յուրաքանչյուրի դերը, փոխհակակշռման առումով, պահել, որպեսզի որևէ խաղացող չհաստատի բացարձակ գերակայություն։
- Արդյոք սա կարող է ազդել նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի ու ապաշրջափակման ուղղությամբ քայլերի վրա՝ հաշվի առնելով Իրանի դերը։
- Ապաշրջափակման նախագծերի աշխատելը կախյալ է ԱՄՆ-ի շահերի առաջնայնությունից։ Եթե Վաշինգտոնը որոշի արագացնել, կճնշի կողմերի վրա, և հաղորդուղիները կաշխատեն։ Իրանի մեծաթիվ պատվիրակության այցը զուտ ապաշրջափակման օրակարգով դիտարժան է և խոսում է այն մասին, որ Թեհրանը բարձր է գնահատում այդ տարբերակի աշխատելու հնարավորությունը։
- Ի դեպ, քանի որ խոսք գնաց հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի դերը երկկողմ առևտրափոխանակման հարցում, երբ փորձել են նախորդ տարեվերջին տարանցման բարձր տոկոսադրույք սահմանել, հետո համաձայնվել առաջին խմբաքանակը ուղարկել անվճար։
- Վրաստանը հասկացել է նախ, որ ԵՄ-ը մի կողմից դանդաղեցրել է իր հարաբերությունների ընթացքն իր հետ, մյուս կողմից աշխուժացրել Երևանի հետ։ Ապաշրջափակումը փորձում է այնպես իրականացնել, որ Վրաստանը նաև միանա նախագծերին՝ պահպանելու համար իր տարանցիկ կարգավիճակի բերումով ստանալիք շահույթները։
Արման Գալոյան