Հարցազրույց

Ուկրաինան՝ խաղատախտակ ԱՄՆ-ի և ՌԴ-ի համար. Գանտահարյան

Ուկրաինան՝ խաղատախտակ ԱՄՆ-ի և ՌԴ-ի համար. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Հիմնական թեման վերաբերել է ուկրաինական հակամարտության դադարեցմանը։ Ինքներդ ինչպես եք մեկնաբանում այդ հեռախոսազրույցը. արդյոք կարելի է խոսել առարկայական հաջողության, ձեռքբերումների մասին։

- Շուտ է խոսել առարկայական հաջողության մասին։ Երբ չկա հրադադարի կամ պայմանների իրականացման ժամկետ, նշմարվում է, որ չհամաձայնեցված կետեր կան։

- Այնուհետև Թրամփը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ, ասել՝ «Հակամարտությունը կա՛մ կավարտվի, կա՛մ դեռ երկար կշարունակվի»։ Արդեն ասուլիսի ժամանակ նա ասել է, որ մնացել է 1-2 բարդագույն հարց։ Որքա՞նով են այդ հարցերը լուծելի։

- 1-2 բարդագույն հարցը կարող է ձգել հակամարտությունը։ Կարծում եմ՝ բարդագույնը տարածքների կարգավիճակին է վերաբերում։ Ավարտվել-շարունակվելու դիլեման նոր տվյալ չի ներառում հետագա ընթացքի մասին։

- «Պետք է շտապել համաձայնության հասնել, հակառակ դեպքում առաջիկա ամիսներին Ուկրաինան կարող է կորցնել նոր տարածքներ». արդյոք այսպես Թրամփը կանաչ լույս չի վառում ՌԴ-ի առաջ։

- Պատերազմի կասեցումից ավելի ԱՄՆ–ՌԴ առևտուրն է այստեղ գերիշխողը։ Ուկրաինան ընդամենը խաղատախտակ է երկու պետությունների համար։ ՌԴ-ն տարածքներ է սակարկում ԱՄՆ-ի հետ, և ոչ Կիևի։

- Ինչու է Ուկրաինայի նախագահը համաձայնվում, ըստ ձեզ, երբ ասում է, թե «Ուկրաինան պատրաստ է խաղաղության»։

- Սա միջազգային պրակտիկա է՝ չմերժելու խաղաղության առաջադրված նախագծերը։ Խաղաղության համաձայն լինելը և տարածքների կարգավիճակի շուրջ չհամաձայնելը փաստորեն ստատուս քվոյի շարունակությունն է։

- Ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ սպասվող ամերիկա-ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից, որի մասին խոսել է Զելենսկին։

- Կարծում եմ՝ այդ ֆոնի վրա անցկացվող քննարկումները հանքեր–տարածքներ գործարքային տրամաբանությամբ են ընթանում։ Ուկրաինան թե՛ ԱՄՆ-ին, և թե՛ ՌԴ-ին տալու բան ունի։

- Եվ վերջապես, 2026 թ. կարելի՞ է ակնկալել հակամարտության լուծում։

- Դեռևս տեսանելի չէ հակամարտության լուծումը։ Երկարատևությունը, թվում է, որ նպատակ է։ ՌԴ-ն դեռևս ներքաշված կպահի այս հակամարտությանը։ Որոշակի կանգառներ գուցե լինեն։ Մեծ հաշվով կարծում եմ՝ կշարունակվի մինչև Մոսկվա–Վաշինգտոն կոնկրետ համաձայնությունը։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական