Հարցազրույց

TRIPP- ի դիմաց Իրանը ապաշրջափակում է ակնկալում. Գանտահարյան

TRIPP- ի դիմաց Իրանը ապաշրջափակում է ակնկալում. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Իրանը դեմ է արտահայտվել Հարավային Կովկասին վերաբերող TRIPP ծրագրին. Վելայաթիի խոսքով՝ այն լուրջ սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար։ Ինչ է սա նշանակում։

- Իրանը երկու ուղղություն էր առաջ քաշում TRIPP-ի առումով։Հոգևոր առաջնորդի շրջանակը դեմ էր այս նախագծին, մինչ նախագահի շրջապատը նախ լուռ էր, հետո ավելի վերապահ, անգամ հայտարարել, որ Իրանի շահերին վտանգ չի սպառնում։ Չեմ կարծում՝ սա ներիրանյան հակասություն է․ ավելի ճիշտ՝ դերերի բաշխում է։ Թեհրանի հայտարարությունների ելևէջները սերտորեն կապված են Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների վայրիվերումներին։

- Նրանց խնդիրն ԱՄՆ-ի հե՞տ է միայն, թե՞, այնուամենայնիվ, այս ծրագիրը կարող է իրենց համար այլընտրանք լինել ու տնտեսապես ոչ շահավետ։

- Սյունիքը Իրանի համար ապաշրջափակվելու ամենաապահով կենսաճանապարհի անցքն է։ Եթե մեկ կողմից Իրանը այս նախագծերում նկատում է իր սահմանային տարածքներում այլ ուժերի առկայություն, մյուս կողմից դիտարկում է ապարջափակվելու նոր ուղիները։

- Իրանի դիրքորոշումը որքանո՞վ կխոչընդոտի TRIPP ծրագրի իրագործմանն ու գործարկմանը։

- TRIPP-ը համալիր տարողություն պարփակող ծրագիր է։ Ամերիկյան վերահսկողությամբ ապաշրջափակման նոր հաղորդուղիներ, որոնց ներգրավվում է Իրանը ևս։ ԱՄՆ-ի նպատակը բոլոր ուղղությունները վերահսկելն է։

- Անդրադառնանք նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը. Եվրոպան Ուկրաինային 90 մլրդ եվրոյի վարկ է հաստատել։ Սա ինչ է նշանակում, և ինչ հետևանքներ կունենա։

- Եվրոպան ներկա ստատուս քվոյի հիման վրա, թվում է, չի ուզում համաձայնություն։ Ուկրաինային օժանդակելով Եվրոպան փորձում է հեռու պահել Ռուսաստանի վտանգը։ Ստացվում է այն, որ ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանին սկանդինավյան տարածքներով, իսկ Ռուսիան մոտենում է Եվրոպային ուկրաինական տարածքներով։

- Բանակցային գործընթացն այստեղ սառա՞ծ է, թե՞, այնուամենայնիվ, իրադարձություններ տեղի են ունենում, որ չեն երևում։

- Առերևույթ սառած, ըստ էության՝ կապերը շարունակվում են։ Եթե պաշտոնապես չեն հայտարարվում, դա չի նշանակում, որ կապերը խզվել են։ Ուղղակի, թե անուղղակի։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական