Երեկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել էր Բեռլինում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններում «նշանակալի առաջընթացի» մասին և հաստատել է երկրորդ հանդիպման մասին։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի հետ։
-Ինչ առաջընթացի մասին է խոսքը։
-Իրականում այդ առաջընթացը տեղի է ունեցել Ուկրաինայի իշխանությունների վրա մինչ այդ ԱՄՆ բանակցող թիմի ճնշման հետևանքով, մի բան, ինչը հնարավոր դարձավ կոռուպցիոն սկանդալի պայթելուց հետո։ Այդ սկանդալի հիմքում Ուկրաինայի հակակոռուպցիոն կառույցի՝ ՆԱԲՈՒ-ի գաղտնալսումներն էին․ մի կառույց, որը վայելում է ԱՄՆ հովանավորչությունը։ Այդ սկանդալը ստիպեց հրաժարական տալ Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի ղեկավար Երմակին, իսկ մեկ այլ բանագնաց՝ ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ով 2023–2025 թթ․ Ուկրաինայի պաշտպանության նախարարն էր և ում անունը ևս շրջանառվում էր կոռուպցիոն շղթաներում ներգրավվածների ցուցակում, խիստ խոցելի դարձավ ԱՄՆ ճնշումների առջև։
-Դուք տեսնում եք իրական, հավանական առաջընթաց այստեղ։
-Ամեն դեպքում, անգամ այս պայմաններում Ձեր նշած բանակցային առաջընթացը տեղի է ունեցել Զելենսկու կողմից նախնական փաստաթղթում շոշափելի փոփոխություններ անելու գնով, որը նա արել է եվրոպացիների աջակցությամբ, ում բանակցություններում ներկայացնում էր Գերմանիայի դաշնային կանցլեր Մերցը։ Իսկ դա նշանակում է, որ դեռ փաստ չէ, որ այդ փոփոխված տարբերակին կհամաձայնի Կրեմլը։
-Ներկայացուցիչները խոր քննարկումներ են ունեցել խաղաղության ծրագրի, տնտեսական ծրագրերի և այլ հարցերի շուրջ։ Կարո՞ղ ենք սպասել, որ Ուկրաինան խաղաղության հաստատման կգնա այս հանդիպումներից հետո։
-Ինչպես ասացի, Զելենսկին շոշափելի փոփոխման է ենթարկել փաստաթուղթը, ինչը մի կողմից նշանակում է, որ այն շատ թե քիչ ընդունելի է դարձել Զելենսկու համար, սակայն մեծ հավանականությամբ անընդունելի է դարձել Պուտինի համար։
Լիլիթ Աբրահամյան