Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- ԱՄՆ-ն ևս խոսում է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին, խոսել է Թրամփը։ Ինչպես կմեկնաբանեք այդ հայտարարությունները. ինու է ԱՄՆ-ն որոշել աջակցել այդ գաղափարին, որը նաև ՌԴ-ինն է։
- Եթե ԱՄՆ-ի համար Ուկրաինայում ընտրություններ կայացնելը ունի ներամերիկյան շարժառիթներ՝ ժողովուրդը ուզում է բեռնաթափվել երկարատև պատերազմից, ապա ՌԴ-ի համար այն Զելենսկու դիրքերը թուլացնելու առիթ է: Համենայնդեպս, ընտրությունները կարող է ենթահող պատրաստել հրադադարի, ինչին ձգտում է Վաշինգտոնը։ Խնդիրը, սակայն, ընդհանուր համաձայնությունն է, ինչը դեռևս տեսանելի չէ։
- Ինչպես կմեկնաբանեք Զելենսկու արձագանքը այդ ամենին։ Եւ ընդհանրապես, Ուկրաինայում տեղի կունենա՞ն նախագահական ընտրություններ։ Ու եթե լինեն, ինչ ելք կարելի է ակնկալել ռուս-ուկրաինական հակամարտության հարցում։
- Պարզ է, որ վերապահ է Զելենսկին։ Կտրուկ մերժելը ևս նպատակահարմար չի համարում։ Սակայն ընտրությունները կարող են ներքին բևեռացում առաջացնել, ինչի նախադրյալները կան։ Միաժամանակ մտածում է, որ դա այս պայմաններում ավելի դեկլարատիվ բնույթ ունի, քան ռեալ։ Խիստ հարցական է ընտրությունների կայացումը պատերազմական իրավիճակում: Այստեղ մարտավարությունն այն է, որ նախ հրադադար, հետո ընտրություններ: Անգամ եթե կայանան, չեմ կարծում, որ բեկումնային պահ կապահովեն հանկարծակի հրադադարի կամ պատերազմի ավարտի ուղղությամբ։
- Ինչն է պատճառը, որ Զելենսկին չի համաձայնվում խաղաղության ամերիկյան պլանին։
- Նախ, ներքին ճնշումը՝ հակառուսական տրամադրությունների ալիքի բարձրացումը, հետո տարածքային զիջումների սկզբունքային մերժումը և մեծ հաշվով պարտված դուրս չգալու մոտեցումը։ Կարծում եմ՝ հիմնականը տարածքների ճակատագրի խնդրին է․ իսկ այստեղ Մոսկվան, թվում է, անզիջող է։
- Իրավիճակին արձագանքել է նաև Թուրքիան․ ԱԳ նախարար Ֆիդանը ասել է, որ Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել։ Սա ինչպես կմեկնաբանեք․ կօգնի՞ Եվրոպան, թե՞ ոչ։
- Անկարան այս կերպ ինքնառաջադրվում է իբրև միջնորդ։ Պետք է արձանագրել, որ ներեվրոպական առումով միանշանակ դիրքորոշում չկա Ուկրաինային ճնշելու, որպեսզի համաձայնի։ Հիմնական ճնշողը, եթե պիտի լինի, Վաշինգտոնն է, և ոչ թե՝ Բրյուսելը։ Անկարան դա լավ գիտի, և նման խաղեր տալով փորձում է միջնորդի կարգավիճակ վերցնել։
Արման Գալոյան