Հարցազրույց

Խիստ մտահոգիչ է կալանքների կիրառման մեծ ծավալը. Սաքունց

Խիստ մտահոգիչ է կալանքների կիրառման մեծ ծավալը. Սաքունց

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ 1948-ի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ 

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ վիճակում է մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում։

-Պետք է դիտարկել ըստ բնագավառների։ Իհարկե, դատական իշխանության անկախությունը և դատավորի անկախությունը երաշխավորված չէ, իսկ դա հանդիսանում է մարդու իրավունքի պաշտպանության կարևորագույն ինստիտուտը։ Դա արդեն լուրջ խնդիր է, քանի որ դատարանում է մարդու խախտված իրավունքը վերականգնվում, և դատարանների կողմից խափանման միջոցի կիրառման այս ծավալը մտահոգիչ է մարդու իրավունքների տեսակետից։ 

Քրեակատարողական հիմնարկներում, ճիշտ է, ի տարբերություն մինչև 2018 թ․, ծանրաբեռնվածություն կամ գերբեռնվածություն չկա, բայց մահացությունների թիվը մտահոգիչ է, և կապ չունի՝ ինչ պատճառներով: Դա ցայտուն ապացույց է, որ քրեական բարքերը դեռևս արմատախիլ արված չեն։ Նաև բանտային առողջապահության հետ կապված հարցերն են լուրջ, և ոչ միայն առողջապահական ծառայության որակի մասին է խոսքը, այլև՝ իրավական կարգավորումների, մասնավորապես, կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկի վերանայման անհրաժեշտության մասին։ 

Զինված ուժերում մահացության թիվն անհամեմատ նվազել է, բայց կան գործոններ, որոնք չեն կապվում զինվորական կարգապահության ապահովմանը։ Համակարգային խնդիրներ կան, որոնք, ցավոք, դեռ լուծում չեն ստացել։ Բայց, միաժամանակ, տեսնում եմ հանձնառություններ մարդու իրավունքների բնագավառում, որոնք դեռևս պետք է իրագործվեն, օրինակ, Եվրոմիության հետ Հայաստանի ռազմավարական համագործակցության օրակարգը:

-Իսկ ի՞նչ քայլեր պիտի արվեն, որպեսզի այս խնդիրները հիմնովին չարձանագրվեն։ 

-Գիտե՞ք, պետք է ասեմ, որ չկա այդպիսի պետություն, անգամ՝ ամենաժողովրդավարական, որտեղ մեկընդմիշտ երաշխավորված են մարդու իրավունքները։ Խնդիրը նա է, որ խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմները լինեն արդյունավետ, իսկ դա ենթադրում է նույն ոստիկանության բովանդակային բարեփոխումների իրականացում, կադրերի պատրաստում։ Այդ ուղղությամբ ջանքեր գործադրվում են, բայց բավարար չենք կարող համարել։ Դատաիրավական բարեփոխումները խիստ արդյունավետ պիտի լինեն, որ երաշխավորված լինի դատավորի անկախությունը, բայց մյուս կողմից՝ կան ոչ բարեվարք դատավորներ, որ շարունակում են պաշտոնավարել․ դա ռիսկ է, և պետք է լուծել։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական