Հարցազրույց

Սիրիայի իրադարձությունները դիտարկվում են Իսրայելի հարաբերակցությամբ. Գանտահարյան

Սիրիայի իրադարձությունները դիտարկվում են Իսրայելի հարաբերակցությամբ. Գանտահարյան

Երեկ լրացավ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալման մեկ տարին։ Ասադը Սիրիայից հեռացավ Ռուսաստան մեկ տարի առաջ, երբ ապստամբները՝ Սիրիայի նոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հրամանատարությամբ, գրավեցին Դամասկոսը:

Սիրիայում երեկ տոնական միջոցառումներ են անցկացվել։ 

Այս կապակցությամբ Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։

- Լրացավ Ասադի իշխանության տապալման մեկ տարին։ Եթե հետադարձ հայացք նետենք, որո՞նք էին նրա իշխանության տապալման հիմնական պատճառները։

- Իհարկե, ներքին բազմաթիվ պատճառներ կային։ Տնտեսական, սոցիալական, ալավիների գերակայության: Ճնշումները ավելացել էին հատկապես, երբ ԱՄՆ պատժամիջոցների օղակները սեղմում էր։ Բուն պատճառը, սակայն, որը արագացրեց վարչակարգի տապալումը, երկու հիմնական հենասյուների չեզոքացումն էր՝ Իրան և ՌԴ։ 

- Կարո՞ղ էր նա պահպանել իշխանությունը։

- Ասադի վարչակարգը հենվել էր հիմնականում երկու հենասյուների վրա՝ Մոսկվա և Թեհրան։ Երբ այդ հենասյուները խախտվեցին, վարչակարգը փուլ եկավ։ Ասադի իշխանությունը կախյալ էր այդ երկու պետությունից։  

- Ինչպե՞ս եք գնահատում անցած մեկ տարին Սիրիայում։

- Անորոշ, քաոսային, սիրիական տարածքների վրա ցեղային զտումի նախադրյալներ պարփակող գործողություններ և ժողովրդագրական պատկերների փոփոխության միտումներ։ Այս բոլորը հուշում են, որ Սիրիան դեռևս հեռու է կայունությունից։ Իրադարձությունները պետք է դիտարկել հիմնականում Իսրայելի հարաբերակցությամբ։ Իսրայելյան զորքերը ներխուժել են սիրիական տարածք։ Առջևում առաջադրվել է Դամասկոս-Թել Ավիվ հարաբերությունների հաստատման գործընթաց։

- Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ երկրի համար։

- Դեռևս անհեռանկար է իրավիճակը։ ԱՄՆ-ն վերագծում է տարածաշրջանի քարտեզը։ Պարզ է, որ Իրանի դերը վերաիմաստավորվում է։ ՌԴ-ն նույն ազդեցությունը չունի Սիրիայի վրա։ Սիրիայում առկա են ամերիկյան, թուրքական զորքեր, ռուսական բազա և քրդական զինյալ ուժեր։ Այս համապատկերը խոսում է շահերի հիման վրա նոր համաձայնությունների հրամայականի մասին։ Մինչ այդ ցնցումներ են սպասվում։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական