Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատրաստ չէ» ստորագրել խաղաղության առաջարկությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։
-Թրամփի այս հայտարարությանը հետևել է Մոսկվայի հայտարարությունը, որ նույն առաջարկի որոշ կետեր համարում է «անիրագործելի», իսկ Կիևը խոսում է «կառուցողական, բայց բարդ» շփումների մասին։ Ձեր գնահատմամբ՝ ինչպե՞ս են այս երեք տարբեր ազդակները՝ Վաշինգտոնից, Մոսկվայից և Կիևից, ազդում խաղաղության գործընթացի հնարավոր ձևաչափի վրա։
-Միացյալ Նահանգները ցանկանում է ինչ-որ համաձայնության հասնել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում, և առավել ևս, իմ տպավորությամբ, երբ Ալյասկայում տեղի են ունեցել պայմանավորվածություններ, այսինքն, Ալյասկայի հանդիպումը չէր կարող լինել պարզապես հանդիպում, որտեղ ճանապարհային քարտեզ կամ սկզբունքային համաձայնություններ են ուրվագծվել, և դրանք ենթադրում են, որ ԱՄՆ-ն պետք է Ուկրաինայում քաղաքական աջակցություն ձևավորի այդ ամենի հանդեպ։ Եթե Ուկրաինայում դրա հանդեպ կա դիմադրություն, ստացվում է, որ Թրամփը չի կարողանում իմպլեմենտացիայի ավելի արդյունավետ ուղու վրա դնել Ալյասկայի պայմանավորվածությունները։ Միջազգային հարաբերություններում դրանք շատ կարևոր հանգամանքներ են։ Եվ հիմա իրավիճակը այնպիսին է, որ Ուկրաինայի իշխանության դիմադրությունը գործնականում կասկածի տակ է դնում Թրամփի որակները, ոչ միայն Պուտինի հանդեպ, այլև, ընդհանրապես, առանցքային նշանակություն ունեցող խաղացողների շրջանակում։ Սա, կարծում եմ, գլխավոր խնդիրներից մեկն է։ Ուկրաինայի իշխանությունը դիմադրում է, ինչը հասկանալի է. նրանք շատ լավ հասկանում են, որ դիմադրության ռեսուրս պարզապես չկա, առավել ևս, եթե ԱՄՆ-ն հրաժարվում է օժանդակել այդ դիմադրությանը, բայց մյուս կողմից Զելենսկու համար կա անձնական անվտանգության, ինչպես նաև՝ շրջապատի անվտանգության խնդիր։
-Զելենսկին բանակցությունները ԱՄՆ ներկայացուցիչների հետ նկարագրում է որպես «կառուցողական, բայց բարդ», մինչդեռ Մոսկվան հայտարարում է, թե բաց է բանակցությունների համար և մեղադրում է Կիևին ու Արևմուտքին գործընթացը արգելափակելու մեջ։ Դուք կիսու՞մ եք Ռուսաստանի տեսակետը։
-Մոսկվան, իհարկե, ներկայացրել է իր պայմանները, և ես կարծում եմ, որ Ալյասկայում դրանց շուրջ եղել է ինչ-որ համաձայնություն. ավելին, այդ համաձայնությունը եթե չլիներ, չէր լինի նաև Ալյասկա։ Պուտին-Թրամփ ձևաչափով ինչ տրամաբանությամբ է գործարք կայացվել, դրա քաղաքական, ռազմաքաղաքական և տնտեսական բաղադրիչները ամբողջապես պարզ չէ, բայց որ սկզբունքային համաձայնությունը կա, դա նկատելի է, այլապես ռուս-ամերիկյան պրոցեսը չէր շարունակվի։ Երբ Մոսկվան հայտարարում է, որ խանգարում են խաղաղությանը, որքան նկատել եմ, դա հասցեագրվում է եվրոպացիներին, և դա իսկապես այդպես է, քանի որ Եվրոպան էլ է դժգոհ, որ դուրս է մնում ռուս-ամերիկյան համաձայնություններից։ Եվ, բնականաբար, փորձում է առավելագույնս խանգարել նրանց, այդ թվում՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու տեսանկյունից, քանի դեռ իր համար բավարար դիրքավորում չի ստացել կամ չի հաջողվել։
Լիլիթ Աբրահամյան