Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին շեշտում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի հետ։
-Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը և որքանո՞վ է իրականանալի։
-Այստեղ որևէ նորություն չկա․ նախագահ Ալիևը հստակ խոսում է թե՛ Արևմտյան Ադրբեջան հայեցակարգի, թե՛ ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» մասին արդեն առնվազն տարիներ՝ սկսած, երևի, 2022թ․-ից, և ավելի ինտենսիվ՝ 2023թ․-ի սեպտեմբերի էթնիկ զտումից հետո։ Հայաստանում կան գնահատականներ, որ այդ խոսույթն ընդամենը Ադրբեջանի քաղաքականությունն է՝ կանխել արցախահայերի վերադարձի իրավունքի քննարկումները։ Իմ գնահատմամբ՝ այս 2 հարցը չպետք է դրվեն նույն հարթության մեջ, հետևաբար, ասել, որ Ադրբեջանն ասում է՝ «Արևմտյան Ադրբեջան», որպեսզի մենք չասենք «Արցախ», կամ ասում է, երբ մենք խոսում ենք արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, տարբեր կատեգորիաների խնդիրներ են։
Սակայն նույնիսկ այս պարագայում Հայաստանի կառավարությունը բազմիցս հստակ հայտարարել է, որ արցախահայերի վերադարձի իրավունքն իր օրակարգում չկա, և միակ խնդիրը նրանց սոցիալ-տնտեսական հարցերի կարգավորումն է երկրում։ Օրինակ, ԵՄ-ի հետ դեկտեմբերի 2-ին ստորագրված փաստաթղթում ևս նշվում է, որ ԵՄ-ն կօգնի, որ արցախահայերը ինտեգրվեն Հայաստանի կյանքում։ Սակայն, չնայած նրան, որ Հայաստանի կառավարությունը զրո քայլեր է ձեռնարկում արցախահայերի վերադարձի իրավունքի քննարկման ուղղությամբ, Ալիևը նույն ինտենսիվությամբ շարունակում է պնդել ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին։ Մեկ ամիս առաջ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում նա նույնիսկ հանձնարարականներ էր տալիս գիտնականներին, որ ապացուցեն, որ հայերը այս տարածաշրջանում «2 օր» են, ադրբեջանցիները՝ բնիկ և այլն։ Կա Ադրբեջանի հստակ ռազմավարություն, որ այս խնդիրը պետք է արծարծել ավելի շատ։ Իրենց նպատակն է, որ այս հարցը իրենց պատկերացմամբ լուծվի։
-Որքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը։
-Կախված է, թե ինչքանով Ադրբեջանը հզոր կլինի և կստիպի Հայաստանին՝ ենթարկվել։ Եթե 10-15 տարի առաջ հարցնեին՝ ինչքանով է իրատեսական, որ Արցախում հայ չի լինի, պատասխանը կլիներ, որ նման հավանականությունը մոտ է զրոյի։ Նույնիսկ 2020-ի նոյեմբերից հետո էր դրա հավանականությունը մոտ զրոյի։ Բայց իրականություն դարձավ։ Հետևաբար, հիմա տոկոսային թվեր ասելը սխալ կլինի։ Բայց խնդիրը հավանականությունը չէ, այլ՝ այն, որ Ադրբեջանն ունի ռազմավարություն և ամեն ինչ անելու է, որ այն դառնա իրականություն։ Եթե Ադրբեջանը կարողանա ստիպել Հայաստանին, ուրեմն կդառնա իրականություն։
Լիլիթ Աբրահամյան