Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը:
- Մոսկվայում կայացան ռուս-ամերիկյան բանակցությունները։ Որքանո՞վ էին դրանք արդյունավետ. ինչպե՞ս կմեկնաբանեք այդ բանակցությունների արդյունքները։
- Մոսկվայի բանակցությունները կարծում եմ արդյունավետ էին երկխոսության գործընթացը բաց պահելու առումով։ Ապարդյուն՝ հիմնական համաձայնություն ձեռք բերելու առումով։
- ՌԴ նախագահի օգնական Ուշակովն ասել է, թե «տարածքային հարցում դեռևս փոխզիջումային տարբերակ չի գտնվել»։ Ի՞նչ է սա նշանակում, կարելի՞ է ասել, և հնարավո՞ր է արդյոք գտնել նման տարբերակ։
- Դա նշանակում է, որ դեռևս անելիք իրավիճակում է հակամարտությունը։ Հանգուցային կետը տարածք-անվտանգություն գծի վրա է։ Եվ այստեղ շատ բարդ են մոտեցումների համընկնումները։ Ուկրաինան չի ուզում կորցնել իր ինքնիշխանությունը իր տարածքների վրա, ինչը նաև այս պահին առաջ է քշում ԱՄՆ-ը, իսկ ՌԴ-ն իր անվտանգության սպառնալիքներ է տեսնում Ուկրաինայի արևմտացումով։ Շատ հակոտնյա դիրքերի վրա են երկու ուղղությունները։
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության բանակցությունների հետագա ընթացքը դեռևս պարզ չէ՝ չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ պայմանավորվածություններին։ Կխնդրեմ՝ այս հայտարարությանը ևս անդրադառնալ։
- Պուտինի հետ պայմանավորվածություններ՝ մյուս կողմից փոխզիջման տարբերակի բացակայություն։ Ուզում են այն տպավորությունը թողնել, որ երկխոսությունը շարունակվելու է։
Համաձայն են երկխոսել և երկխոսության գործընթացը շարունակել։ ԱՄՆ-ի համար թե՛ Ուկրաինայի հանքերն են շահագրգռող, թե՛ ՌԴ-ի անվտանգությունը որոշակիորեն վերահսկելը։ ՌԴ-ն ուզում է տարածքներ և անկախ անվտանգություն՝ սպառնալիքազերծ անվտանգություն։
- Ուկրաինական ճակատում խաղաղության հասնելու հեռանկարը շա՞տ հեռու է, թե՞ ոչ։
- Կարծում եմ՝ բանակցությունները լինելու են բազմափուլ, բազմաշերտ, ինչը խոսում է երկարատևության մասին։ Առավելագույնը այս պայմաններում կարող են համաձայնել ստատուս քվոյի պահպանման և ժամանակավոր հրադադարի հաստատման։
Արման Գալոյան