Թուրքիան քննարկում է առաջիկա վեց ամսում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հարցը՝ վերացնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը Սառը պատերազմի ժամանակաշրջանից. այս մասին հայտնել է Bloomberg-ը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։
-Ինչո՞ւ հենց հիմա Թուրքիան սկսեց այդ քննարկումները։
-Ինչ սահմանը փակվել է, անընդհատ այդ քննարկումները լինում են։ Բայց պատմությունը ցույց տվեց, որ Թուրքիան գնում է այն սկզբունքով, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորում չլինի, սահմանը չի բացվի։ Դա մեկ վայրկյանի հարց է, ինչ-որ քննարկումների կարիք չկա, ընդամենը Թուրքիան պետք է ասի՝ բացում ենք, իսկ հայկական կողմը պատրաստ է, ավելին, թուրքական կողմը տեխնիկական որևէ աշխատանք չի արել այն կողմում։ Երկու երկրների քաղաքացիներին հավանական հոսքին դիմագրավելու և պատշաճ սպասարկելու համար մեր կողմը աշխատանքներն ավարտել է։ Անցնող տարվա մարտից արդեն լիարժեք պատրաստ է սպասարկման, Թուրքիայի կողմից՝ ոչ։ Խոսքը 3-րդ երկրների քաղաքացիների մասին է։
-Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիա-Հայաստան սահմանի բացումը Հայաստանի ներքին քաղաքականության վրա, հատկապես՝ ընտրություններին ընդառաջ։
-Բոլորն էլ ցանկանում էին բացել սահմանը։ Իհարկե, մի քիչ այլ կոնտեքստներ կար, այլ իրավիճակում էինք։ Բացումը ինքնին վատ բան չէ, նորմալ երևույթ է, այլ հարց, որ կան շատ չլուծված հարցեր, մարտահրավերներ, որոնք սահմանների բացման դեպքում պետք է պետությունը նախօրոք հաշվարկի՝ հաշվի առնելով նաև տնտեսական գործոնները։
Լիլիթ Աբրահամյան