Հարցազրույց

Ինչու է ոսկու գինը ռեկորդային մակարդակի հասել

Ինչու է ոսկու գինը ռեկորդային մակարդակի հասել

Ոսկին համաշխարհային և հայաստանյան շուկայում ռեկորդային կերպով թանկացել է։ Ըստ կենտրոնական բանկի՝ այսօր 999 հարգի ոսկու 1 գրամն արժե 51 հազար 64 դրամ։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

-Ինչո՞վ է պայմանավորված այս թանկացումը։

-Նշեմ, որ ոսկու գինը որոշում է համաշխարհային շուկան, և դա հայաստանյան երևույթ չէ․ այնպես չէ, որ Հայաստանում գինը բարձրացել է, Եվրոպայում՝ իջել։ Ոսկու գնի վրա ազդում են մի շարք գործոններ․ առաջինը պայմանավորված է տնտեսական պատժամիջոցներով, պատերազմներով, որն ստեղծել է անորոշություն համաշխարհային շուկայում, և խոշոր փողատերերն իրենց գումարները նախընտրում են ոսկով պահել, քանի որ այն սանկցիաների տակ ընկնող ակտիվ չէ և ցանկացած ժամանակ կարելի է վաճառել կամ փոխադրել։ 2-րդը՝ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան մի շարք երկրներ պատժամիջոցներ են կիրառել ոսկու գնումների մասով, և ռուսական ոսկին, օրինակ, նույն համաշխարհային շուկա է մտնում 3-րդ երկրների միջոցով, և դա ևս իր հերթին որոշակիորեն թանկացնում է ապրանքը։ 3-րդ գործոնը պայմանավորված է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ մեծ քանակությամբ ազնիվ հազվագյուտ մետաղներ են օգտագործում, և դա նույնպես համաշխարհային շուկայում պահանջարկը կտրուկ ավելացրել է մետաղների նկատմամբ։

 -Ռուսական ակտիվների սառեցումը կարո՞ղ է ևս ազդել։

-Ռուսական ակտիվների սառեցումը մոտ 200 միլիարդ դոլարի չափով բացասական ազդակ է եղել օտարերկրացի ներդրողներին, հատկապես՝ չինացիներին։ Նրանք հասկացել են, որ նույն ամերիկյան, եվրոպական պարտատոմսերի մեջ իրենց գումարները պահելու դեպքում կարող են այսպես մի օր հայտնվել Ռուսաստանի օրը, եթե Արևմուտքը որոշի տնտեսական պատժամիջոցներ կամ տնտեսական պատերազմի մեջ մտնի Չինաստանի հետ։ Ակնհայտ է, որ այդ օրը մոտ ապագայում է, և արդեն որոշակի նախանշաններ կան, և չինացի ներդրողները արդեն սկսել են իրենց ներդրումների դիվերսիֆիկացիա անել՝ գումարները տեղափոխելով դեպի իրացվելի տիպի ակտիվներ։

-Նման ռեկորդային գին եղե՞լ  է Հայաստանի պատմության  մեջ։

-Սա հայաստանյան գներ չեն՝ միջազգային են, ամբողջ աշխարհում այս գների բարձրացում է նկատվել։ Այո՛, մեր ներքին շուկայում այսպիսի գներ չենք ունեցել, նաև՝ ամբողջ աշխարհում, և դա միանշանակ ազդեցություն է ոսկյա զարդերի շուկայի վրա, քանի որ, երբ ոսկու ձուլակտորը կամ լոմը թանկանում է, թանկանում է նաև ոսկերչական գործը, և պահանջարկը նվազում է զարդերի նկատմամբ։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական