Հարցազրույց

Ուկրաինան հիմա շատ ողբերգական վիճակում է. Սուրենյանց

Ուկրաինան հիմա շատ ողբերգական վիճակում է. Սուրենյանց

Կիրակի օրը ԱՄՆ-ն և Ուկրաինան Ֆլորիդայում ավարտել են մոտ չորսժամյա բանակցությունները։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի՝ Մոսկվա այցից առաջ։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

-Ֆլորիդայում ԱՄՆ-Ուկրաինա չորսժամյա բանակցությունները, ինչպես նաև Ուիթքոֆի սպասվող այցը Մոսկվա որքանո՞վ են վկայում այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է ձևավորել միաժամանակ երկու ուղի՝ փակ, ոչ ֆորմալ բանակցային ալիք Ռուսաստանի հետ և պաշտոնական քննարկումներ Ուկրաինայի հետ։

-Չեն էլ թաքցնում, որ 2 կողմի հետ էլ բանակցում են՝ բալանսավորված ինչ-որ լուծում գտնելու համար։ Իհարկե, բալանսավորված լուծում ասելը հարաբերական է, որովհետև Ուկրաինան կապիտուլյացիայի չի ենթարկվելու, քանի որ Կիևը գրավելու կամ հանձնելու մասին խոսք չի լինելու։ Բայց ցանկացած լուծում, որ 2 կողմի հետ բանակցություններում կձևավորվի, դա Ռուսաստանի հաղթանակն է և Ուկրաինայի պարտությունը։ Իհարկե, կրկնում եմ, ես «կապիտուլյացիա» բառից ձեռնպահ կմնամ, որովհետև այստեղ կապիտուլյացիայի մասին չէ խոսքը, և ընդհանրապես պետք չէ պատերազմի ավարտը, հաղթանակը կամ պարտությունը միայն կապիտուլյացիայի չափանիշով գնահատել։ Բայց ես մի քիչ թույլ լավատեսություն ունեմ, քանի որ Թրամփի ծրագրին ոչ այնքան Ռուաստանն է դիմադրում կամ, նույնիսկ, Ուկրաինայի իշխանությունը, որից ոչինչ կախված չէ։ Ըստ էության, դրա նկատմամբ շատ լուրջ դիմադրություն կա Եվրամիության գլոբալիստական շրջանակներից, որոնք քաջալերում են Ուկրաինայի իշխանությանը՝ շարունակել պատերազմը։ Թրամփի ծրագրին դիմադրում են նույնիսկ ԱՄՆ-ի խորքային սեգմենտները։ Թրամփը ուզում է վերջ տալ պատերազմին․ դա երևում է, քանի որ այս պատերազմը նրա քաղաքական ծրագրի մաս չի։ Շատ դժվար է գնահատել հավանականությունը՝ ինչքանով ջանքերը կբերեն շուտափույթ խաղաղության։

-Մարկո Ռուբիոն հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության հետ Ֆլորիդայում կայացած հանդիպումը եղել է արդյունավետ, բայց դեռ շատ աշխատանք կա. «Խոսքը ոչ միայն կրակի դադարեցման պայմանների մասին է, այլև այն պայմանների մասին, որոնք Ուկրաինային կապահովեն երկարաժամկետ բարգավաճում»։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ուկրաինայի հետ չլուծված հարցեր կան, այսինքն՝ նշանակում է, որ շատ դիվանագիտական նրբանկատությամբ և տողատակով Ռուբիոն հասկացնում է, որ այնքան էլ արդյունավետ չեն եղել Ուկրաինայի հետ բանակցությունները։ Այստեղ չի կարելի ամեն ինչ վերագրել Ռուսաստանին։ Իմ կարծիքով, Ուկրաինայի գործող իշխանությունը ընդհանրապես շահագրգռված չէ փաստաթղթի ստորագրությամբ, քանի որ դա շատ արագ բերելու է քաղաքական վախճանի։

-Թրամփը հայտնել է, որ «Ուկրաինան մի քանի բարդ խնդիր ունի»՝ նկատի ունենալով կոռուպցիոն սկանդալը, որը, նրա խոսքով, «օգտակար չէ»։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հավելել է. «Կա լավ հնարավորություն, որ մենք կկարողանանք համաձայնության գալ»։ Սա ինչպես կմեկնաբանեք, հնարավո՞ր է հասնել համաձայնության։

-Ընդհանրապես, Ուկրաինան հիմա շատ ողբերգական վիճակում է գտնվում։ Առաջնագծում շատ վատ վիճակ է, հատկապես՝ Պրոսկուրովի գրավումից հետո։ Ուկրաինայի զինուժի խնդիրը շատ լուրջ է, մարդիկ հովհարային են լույս ստանում։ Եթե նույնիսկ մի հրաշքով Արևմուտքի ֆինանսական և ռազմական աջակցությունը նույն տեմպերով պահպանվի, Ուկրաինայի գլխավոր խնդիրը կշարունակի մնալ մարդուժի բացակայությունը։ Չգիտեմ՝ այդ խնդիրը ինչպես է հնարավոր լուծել։ Դրան գումարվում է կոռուպցիոն ճգնաժամ-սկանդալը, որը ներքաղաքական շատ մեծ ճգնաժամի է տանելու, քանի որ իշխանության իրական կենտրոնը մարմնավորող գործիչը հեռացվում է իշխանությունից, և իշխանության ներսում հիմա ավելի շատ քաոսային միտումներ կան, քան միայն ինստիտուցիոնալ միասնական լուծումների փնտրտուքը։ Առայժմ անհայտ է՝ բոլոր խնդիրները ինչ ուղղությամբ կտանեն Ուկրաինային։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական