Հարցազրույց

Ռուսների կողմից հրապարակումը կարող էր վրեժի քայլ լինել. Խուրշուդյան

Ռուսների կողմից հրապարակումը կարող էր վրեժի քայլ լինել. Խուրշուդյան

Նոյեմբերի 26-ին հրապարակվեց Թրամփի բանագնաց Ուիթքոֆի և Պուտինի օգնական Ուշակովի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ Ուիթքոֆը Ուշակովին խորհուրդներ է տվել, թե ինչպես ստանալ Թրամփի բարեհաճությունը և նրա հետ հաջող բանակցություններ վարել։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

-Ի՞նչ էր նշանակում այդ ձայնագրության հրապարակումը։

-Պարզ չէ, թե ում կողմից է ձայնագրվել և հրապարակվել այս խոսակցությունը։ Կարծիք կա, որ դա արել է Կրեմլը։ Պատճառը կարող է լինել այն, որ գործընթացը գնաց ոչ իր սցենարով, և կարիք առաջացավ այն վիժեցնելու։

-Սա կարո՞ղ է ազդել ԱՄՆ–Ռուսաստան հետագա բանակցությունների վրա, և ինչպե՞ս։

-Դա էապես կաշկանդեց Թրամփին և նաև հեղինակազրկեց Ուիթքոֆին՝ որպես հիմնական բանակցողի։ Նաև Թրամփը ստիպված եղավ խոստովանել, որ նախագիծը կազմվել է Ռուսաստանում, և իրենք բանակցելու են Ուկրաինայի հետ՝ վերջինի առաջարկների շուրջ։

-Հեռախոսազրույցի հրապարակումը կարո՞ղ է նոր լարվածություն առաջացնել ԱՄՆ-ի ներքին քաղաքական դաշտում՝ հատկապես Թրամփի վարչակազմի նկատմամբ վստահության, ազգային անվտանգության և դիվանագիտական գաղտնիության հարցերում։

-Այո, իհարկե։ Ուիթքոֆի պահվածքը այդ խոսակցության ժամանակ բողոքի մեծ ալիք բարձրացրեց ԱՄՆ-ում։ Մասնավորապես հնչեցին մեղադրանքներ առ այն, որ նրա արածը հավասարազոր է պետական դավաճանության։ Սակայն չենք կարող բացառել, որ Ուիթքոֆը իր բոլոր քայլերը համաձայնեցրել է Թրամփի հետ։ Այնուամենայնիվ, այս ձայնագրության հրապարակումը ռուսների կողմից կարող էր վրեժի քայլ լինել այն բանի համար, որ Թրամփը, փոխանակ ճնշեր Ուկրաինային և պարտադրեր ընդունել ռուսական այս պլանը, սկսեց բանակցել Զելենսկու հետ և էական փոփոխություններ մտցրեց առաջարկվող կետերում, որոնք անընդունելի դարձրեցին փաստաթուղթը Պուտինի համար։ Եվ այժմ վտանգ կա, որ հենց Կրեմլն է հայտնվելու խաղաղությունը վիժեցնողի, ոչ կառուցողական դիրքորոշում ունեցող կողմի կարգավիճակում։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական