Հարցազրույց

Մինչև 2028-ը ՆԱՏՕ-ին անդամակցության բանակցություն չի լինի

Մինչև 2028-ը ՆԱՏՕ-ին անդամակցության բանակցություն չի լինի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ «միամիտ չէ» տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է վրացագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։

-Ինչպիսի՞ գործոններ են ազդում Վրաստանի ներքին իրավիճակի վրա, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ զարգացումները երկրի հետագա անդամակցության հնարավորության վրա։

-Վրաստանը վերջին տարիներին, իր արտաքին քաղաքականությունից ելնելով, որոշ խնդիրներ ունի Արևմուտքի հետ, և դա գնալով ավելի է սրվում։ Այլ հայտարարությունների շարքում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությունը պետք է դիտել այս հարաբերությունների համատեքստում։ Վրաստանի իշխանությունները՝ «Վրացական երազանք»-ը և վարչապետ Կոբախիձեն, վերջին խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարեցին, որ սառեցնում են անդամակցության հայտը մինչև 2028 թվականը, ինչն ավելի սրեց իրավիճակը։ Ընդհանուր զարգացումներից պարզ է դառնում, որ Վրաստանի և Արևմուտքի հարաբերություններում այն նախկին վստահությունը, ինչ կար 10 տարի առաջ, այսօր այլևս չկա։ Արևմուտքը առաջին հերթին մեղադրում է վրացական իշխանություններին արտաքին քաղաքականության իր ներկայիս ուղղության համար։

-Ռյուտենի խոսքով՝ Վրաստանի շուրջ իրավիճակը պետք է դիտարկել Հարավային Կովկասի համատեքստում։ Հնարավո՞ր են սրացումներ՝ հաշվի առնելով տարածաշրջանի կոնֆլիկտային միջավայրը։

-Վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումը, կարծես, վստահության բարձրացման միտում էր պարունակում։ Արևմուտքը, հաշվի առնելով վերջին զարգացումները և Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, վստահության շրջանակի մեծացում է տեսնում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ նշել էր, որ այս պահին Հայաստանը և Ադրբեջանը ավելի լավ վիճակում են, քան՝ Վրաստանը։ Սա, բնականաբար, հաշվի է առնվել՝ դիտարկելով Հարավային Կովկասը որպես մեկ ամբողջություն։ Արևմուտքն այդ կերպ իր քաղաքականությունը կառուցում է ավելի համակարգված։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը մեծ աջակցություն է ցուցաբերում Վրաստանի ընդդիմադիր շրջանակներին, ինչով ավելի է սրվում հարաբերությունը Վրաստանի իշխանությունների հետ։ Դա անդրադառնում է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ՝ տնտեսական համագործակցության ձևաչափերի վրա։

-Արդյո՞ք կբավարարվի անդամակցության հայտը։

-Ինչպես նշեց Կոբախիձեն, մինչև 2028 թվականը դադարեցվում են անդամակցության բանակցությունները, և առաջխաղացում չկա։ Միանշանակ կարող ենք ասել, որ մինչև 2028 թիվը, եթե նոր հայտարարություն չլինի, ապա անդամակցության և Արևմուտքում ընդգրկվելու նոր բանակցություններ և քննարկումներ չեն լինելու, քանի դեռ «Վրացական երազանքը» և Կոբախիձեն նոր բան չեն հայտարարել։ 2028-ին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, և կախված նրանից՝ «Վրացական երազանքը» կմնա իշխանության, թե ոչ, հնարավոր է՝ այս գործընթացը հետաձգվի կամ փոխվի։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական