Հարցազրույց

Վրաստանի դիրքորոշումը մեծ նշանակություն ունի. քաղաքագետ

Վրաստանի դիրքորոշումը մեծ նշանակություն ունի. քաղաքագետ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շրջանում ակտիվ այցելություններ են ունենում Վրաստան. նրանց թվում են նախագահ Վահագն Խաչատուրյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և այլք։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

-Ինչո՞վ են պայմանավորված պաշտոնյաների ակտիվ այցերը։

-Ես այդպես չէի առանձնացնի։ Ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ շատ պաշտոնյաներ տարբեր խնդիրներով այցելություն են իրականացնում Վրաստան, բայց օգոստոսի 8-ի պայմանավորվածությունից հետո ակնհայտորեն տարածաշրջանում նոր իրավիճակ է ձևավորվել, և այդ նոր իրավիճակը ունի ճշգրտումների, նոր համաձայնությունների կնքման և հետագա զարգացման տեսլականներ մշակելու կարիք, ինչի շրջանակներում էլ, այո, Վրաստանի հետ հանդիպումները այս շրջանում մի փոքր ավելացել են։ Ինչպես, օրինակ, անմիջապես օգոստոսի 8-ից հետո Իրան այցելություններն էին բավական շատ, կարծում եմ, որ, օրինակ, Հայաստանի և Թուրքիայի սահմանները բաց լինեին, նմանատիպ այցելությունների շարք կարելի էր սպասել դեպի Թուրքիա։

-Նախագահի հետ հանդիպման ընթացքում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին նշել է, Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Ինչպե՞ս կարող է նպաստել, ըստ Ձեզ։ 

-Վրաստանը  Հայաստանի և Ադրբեջանի համար առանցքային պետություն է՝ հաշվի առնելով աշխարհագրությունը, և Վրաստանի դիրքորոշումը մեծ նշանակություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների զարգացման վրա, առավել ևս, որ միջազգային հանրության համար տարածաշրջանը, ընդհանուր առմամբ, մեկ ընդհանուր միավոր է, և այս տրամաբանության մեջ նրա դիրքորոշումը մեծ նշանակություն ունի։ Թեև գիտենք, որ վերջին շրջանում, կարծես թե, Հայաստանում և Ադրբեջանում դիտվող միտումները՝ դեպի Արևմուտք գործընթացներ իրականացնելու և Ռուսաստանից մի փոքր հեռանալու, հակառակ պատկեր ունենք. Վրաստանը փորձում է  դեպի Ռուսաստան որոշակի շարժ է կատարել։ Միևնույն ժամանակ, դա չի նսեմացնում տարածաշրջանի ընդհանուր քաղաքական տրամաբանությամբ գործելու անհրաժեշտությունը, և այնպես չէ, որ Վրաստանն էլ ընդհանրապես կտրել է իր կապերը Արևմուտքի հետ, հակառակը, ներկա իշխանությունները, ինչքան էլ ռուսամետ քայլեր են անում, այնուամենայնիվ, շարունակում են, գոնե հայտարարությունների տեսքով, ներկայացնել իրենց նվիրվածությունը Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, այնպես որ, Վրաստանի նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի համար գերագնահատել հնարավոր չէ։

-Ինչպե՞ս կարող է Վրաստանի և Հայաստանի միջև ձևավորված «օրինակելի հարաբերությունների ոգին» ազդել տարածաշրջանային համագործակցության վրա։

-Առաջին հերթին ուշադրություն կհրավիրեի այն փաստի վրա, որ անկախ Վրաստանում գործող քաղաքական ռեժիմից, արտաքին քաղաքական առաջնահերթություններից և շրջադարձերից, որոնք մենք տեսել ենք վերջին 30 տարիների ընթացքում, հայ-վրացական հարաբերությունները մշտապես շարունակում են նույն տրամաբանությամբ զարգանալ, ինչը ակնհայտ ցույց է տալիս, որ Հայաստանի համար Վրաստանը շատ կարևոր պետություն է, և նույն կերպ Վրաստանի համար Հայաստանն է կարևոր․ փոխադարձ խնդիրներ ունենալը չի բխում որևէ մեկի շահերից։ Սա կարող է իսկապես օրինակ լինել Ադրբեջանի համար։ Անկախ նրանից՝ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները ջերմ են եղել, այնուամենայնիվ, բավականին լուրջ խնդիրներ եղել են՝ ի տարբերություն հայ-վրացական հարաբերությունների։  

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական