Վրաստանի խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլին հայտարարել է, որ քաղաքացիներին արտերկրում կարգելվի քվեարկել համապետական ընտրություններում. խորհրդարանի խոսնակը մեջբերել է Հայաստանի և այլ երկրների օրինակը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։
-Ձեր կարծիքով, որքանո՞վ է միջազգային փորձը համարժեք Վրաստանին, և արդյոք նման մոտեցումն ապահովում է ընտրությունների թափանցիկություն և ժողովրդավարական որակ։
-Օտար պետություններում ապրող Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա քվեարկել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին իրենց երկրներում բացվող հատուկ ընտրատեղամասերում։ Սակայն, ըստ Վրաստանի խորհրդարանի խոսնակի, նրանք կկարողանան քվեարկել, եթե ամեն 4 տարին մեկ վերադառնան հայրենիք և քվեարկեն հենց Վրաստանում։ Ինչ վերաբերում է Շալվա Պապուաշվիլիի բերած օրինակներին, ապա դա ոչ թե սեփական ընտրության հիմնավորումն է, այլ ուղղակի օրինակներ, այդ թվում՝ հարևան երկրից։ Սակայն հարկ է նշել, որ օտար պետություններում քվեարկող քաղաքացիների թեման դեռ 2024թ․ խորհրդարանական ընտրություններում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Բանն այն է, որ Վրաստանից արտագաղթած քաղաքացիների մեծ մասն իրենց ձայնը տվել էին ընդդիմադիր կուսակցություններին, և իշխող թիմի համար քվեարկել էր ընդամենը 13.5%-ը։ 42 երկրում բացվել էր 60 ընտրատեղամաս, իսկ ընդդիմությունն ու այն ժամանակ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ էին անում ավելի շատ քաղաքներում ընտրատեղամասեր բացել, քանի որ 95 հազարից ավել գրանցված ընտրողից կարողացել էր քվեարկել ընդամենը 35 հազարը։ Նման քայլով իշխող թիմը փորձում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ավելի վերահսկելի դարձնել և ընդդիմությանը զրկել արտերկրից քվեարկողներից։
-Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս սահմանափակումը վրացական քաղաքական լանդշաֆտի վրա՝ հաշվի առնելով արտերկրում վրացիների համայնքների ակտիվությունը, և ինչպիսի՞ սոցիալական կամ քաղաքական ռիսկեր կարող է առաջացնել նման օրենքը:
-Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանում ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ բևեռացած է։ 2024թ․ խորհրդարանական ընտրություններից հետո իշխող «Վրացական երազանքը» մի շարք իրավաքաղաքական փոփոխություններ է արել, որոնց պատճառով ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների մեծ մասն անազատության մեջ է, իսկ նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիան՝ Գերմանիայում։ Գաղտնիք չէ նաև, որ արևմտյան մի շարք երկրներ ոչ միայն չեն ողջունում իշխող թիմի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը, այլ նաև բացահայտ քննադատում են և պատժամիջոցներ կիրառում։ Թե ինչպես կզարգանան Վրաստանում իրադարձություններն առաջիկա տարիներին, բարդ է ասել, սակայն, ընդդիմության համար սահմանափակումներն արդեն իսկ մեծ բարդություններ են ստեղծել։ Թե ինչ կազմով կմասնակցի ընդդիմությունը կամ կմասնակցի ընդհանրապես մյուս խորհրդարանական ընտրություններին, պարզ կլինի տարիներ անց, սակայն մասնակցելու պարագայում, անշուշտ, այդ քվեները նրանց համար կարևոր կլինեին։
-Խոսնակը նաև նշել է, որ երկրից բացակայությունը մեծացնում է այն ռիսկը, որ ֆիզիկապես հեռու գտնվող քաղաքացին կկատարի անտեղյակ ընտրություն։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խոսքերը մի կողմից հասկանալի են, քանի որ երբ չես ապրում մի միջավայրում, տեղեկություններն ու իրադարձությունները կարող ես այլ կերպ ընկալել, և ընտրությունն էլ, հետևաբար, հնարավոր է այլ լինի։ Մյուս կողմից՝ այս փոփոխությամբ քվեարկության հնարավորություն չեն ունենա նաև այն մարդիկ, ովքեր այժմ չեն կիսում Վրաստանի կառավարության վարած քաղաքականությունը և հեռացել են երկրից։ Մեկ բան ակնհայտ է. առաջիկա տարիները Վրաստանի համար բավական կարևոր են լինելու, և ցանկացած իրավաքաղաքական փոփոխություն կամ սահմանափակում պիտի դիտարկել այդ համատեքստում։
Լիլիթ Աբրահամյան