Հարցազրույց

Նոր ճանապարհը լոգիստիկ տեսանկյունից հնարավորություն Ադրբեջանին չի տալիս. միջազգայնագետ

Նոր ճանապարհը լոգիստիկ տեսանկյունից հնարավորություն Ադրբեջանին չի տալիս. միջազգայնագետ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական և լոգիստիկ հնարավորությունների մասին ներկայացվում են որպես տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հնարավորություն։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի հետ։

-Ի՞նչ իրական ռազմավարական նպատակներ կարող է թաքցնել Բաքուն այս հռետորաբանության հետևում։

-Լոգիստիկ տեսանկյունից որևէ նոր հնարավորություն Ադրբեջանին չի տալիս, քանի որ այն արդեն այսօր էլ կարող է Թուրքիայի հետ կապվել Բաքու-Թբիլիսի ուղով։ Հետևաբար, այն պնդումը, թե իրենք Թուրքիայի հետ կապ չունեն, սխալ է։ Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհով նրանք կարող են հասնել Միջերկրական ծով՝ օրինակ, Մերսինի նավահանգիստ։ Հստակ հաշվարկներ չկան, բայց հեռավորությունը մոտ 1600 կմ է։ Այս ճանապարհը չի կրճատվում այնքան, որ լոգիստիկ ծախսերը, թեկուզ մոտավոր, կրկնակի նվազեն․ նման հիմք գոյություն չունի։

Այսպիսով, լուրջ փոփոխություն չկա, և այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես մանիպուլյացիա։ Այլ հարց կլիներ, եթե Թբիլիսի-Կարս երկաթգիծը ծանրաբեռնված լիներ, և անհրաժեշտություն առաջանար այլընտրանքային ուղու։ Այդ դեպքում կարելի էր խոսել տնտեսական նպատակահարմարության մասին, սակայն այժմ տնտեսական հիմք չկա։ Բոլոր նպատակները ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կամ աշխարհաքաղաքական են։ Դա ավելի տեսանելի դարձավ, երբ Թուրքիան հայտարարեց, որ շուտով կկառուցի Կարս-Նախիջևան երկաթուղին․ քարտեզին նայելով՝ պարզ է դառնում, որ կարող է բլոկադայի նոր ձև առաջանալ։

-Հաջիևի և Ալիևի համադրած հայտարարությունները ստեղծում են տպավորություն, որ միջանցքային օրակարգը կրկին ակտիվացվում է և ներկայացվում ոչ միայն որպես տարածաշրջանային, այլև՝ գլոբալ տնտեսական նախագիծ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

-Դա մարկետինգային քայլ է։ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է ցույց տալ, թե «Զանգեզուրի միջանցքը» կարևոր երակ կլինի թե՛ Եվրասիայի, թե՛ ամբողջ աշխարհի համար, բայց իրականում այդպես չէ։ Նրանք կարևորում են այս պատկերացումը, քանի որ ցանկանում են ստեղծել տպավորություն, որ ճանապարհով շահագրգռված են ոչ միայն իրենք, այլ նաև՝ այլ երկրներ։ Նրանց ներկայացմամբ, այն ունի երեք շերտ՝ ներպետական, տարածաշրջանային և ավելի գլոբալ՝ միջտարածաշրջանային։

Միևնույն ժամանակ, հիշեցնեմ, որ արդեն հայտարարվել է՝ մինչև 2026թ. պատրաստ կլինի նաև Արաքսի միջանցքը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը Իրանի տարածքով նոր կապ կունենա Նախիջևանի հետ։ Հետևաբար, պնդումները, թե Նախիջևանը իզոլացված է և Ադրբեջանի հետ կապ չունի, նույնպես կեղծ են․ Թուրքիա հասնելու բազմաթիվ տարբերակներ արդեն գոյություն ունեն։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական