ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններն անհրաժեշտ է բարելավել և նոր հնարավորություններ բացել երկրների տնտեսական համագործակցության համար:
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի հետ։
-Ի՞նչ քաղաքական և ռազմավարական նպատակներ կարող են թաքնված լինել այս հայտարարության տակ՝ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները հենց նույն պահին ներդնում է հակառուսական նոր պատժամիջոցներ։
-Կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը ավելի շատ PR-ակցիայի տպավորություն է թողնում, որովհետև այս պահի դրությամբ նաև Ռուսաստան-ԱՄՆ շփումներն սառեցված են։ Մենք գիտենք, որ հետաձգվել է Բուդապեշտում սպասվող հանդիպումը երկու նախագահների միջև, և, կարծես թե, կողմերի միջև չկա հստակ պատկերացում՝ ինչպես շարժվել առաջ ուկրաինական հակամարտության հարցում։ Ռուսաստանը պնդում է, որ պետք է իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ալյասկայի հանդիպման ժամանակ։ Իհարկե, դրանց դետալները հրապարակված չեն, բայց ենթադրվում է, որ այդ հանդիպման ժամանակ ամերիկացիները ընդունել են Ռուսաստանի հիմնական պահանջները, առնվազն, որ Ուկրաինան պետք է զորքերը դուրս բերի Դոնեցկի մարզի այն 30%-ից, որ այժմ ինքն է վերահսկում։ Այնտեղ մի շարք խոշոր քաղաքներ կան՝ Սլավյանսկ, Կրամատորսկ, Կոնստանտինովկա, որոնց շուրջը մարտերը շարունակվում են, դա որպես առաջին քայլ զինադադարի հաստատման շուրջ, և, կարծես, թե՛ եվրոպական պետությունները, թե՛ Ուկրաինան մերժել են այդ տարբերակը։
-Կարո՞ղ ենք սա դիտարկել որպես Մոսկվայի կողմից երկխոսության ձևական նախաձեռնություն՝ սեփական միջազգային դիրքերը մեղմելու նպատակով, թե՞ իրական ուղերձ՝ նոր փուլ սկսելու ուղղությամբ։
-Այս պայմաններում խոսել ռուս-ամերիկյան տնտեսական ինտենսիվ հարաբերությունների մասին, կարծում եմ, այնքան էլ իրատեսական չէ, միգուցե, Ռուսաստանը փորձում է ինչ-որ ուղերձ հղել նաև ամերիկացիներին, որ, տեսեք, եթե կարողանաք ստիպել Ուկրաինային և նրա եվրոպական դաշնակիցներին՝ համաձայնվել մեր պայմանների հետ, որոնք մենք առաջ ենք քաշել Ալյասկայում, ապա դա հնարավորություն կտա ռուս-ամերիկյան բիզնես հարաբերությունները զարգացնել։ Բոլորն էլ գիտեն՝ ամերիկյան ներկայիս վարչակազմի բիզնես գործարքները շատ կարևոր են և, թերևս, արտաքին քաղաքականության հիմք են կազմում, և գուցե սա ևս մեկ ակնարկ է, որ տեսեք՝ կան մեծ հնարավորություններ համատեղ բիզնես գործունեության միլիարդավոր, գուցե՝ տասնյակ միլիարդավոր դոլարների շահույթների մասին։ Եվ եթե դուք ցանկանում եք այդ ամենը իրականություն դարձնել, պետք է ուժեղացնենք ճնշումն Ուկրաինայի և Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների վրա։
-ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների փաթեթը ուղղված է ռուսական խոշոր էներգետիկ ընկերություններին, ինչն ունի ոչ միայն տնտեսական, այլև՝ աշխարհաքաղաքական ազդեցություն։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այս քայլերը համաշխարհային էներգետիկ շուկայում։
-Իմ գնահատմամբ՝ լուրջ տեղաշարժ դժվար թե այս հայտարարությունը կամ այս կոչերը առաջ բերեն, որովհետև ԱՄՆ-ն նույնիսկ հնարավորություն չունի հարկադրել Ուկրաինային և եվրոպական դաշնակիցներին՝ ընդունել Ռուսաստանի պահանջները, նույնիսկ եթե ցանկանա. ի վերջո, դա Ուկրաինան և եվրոպական պետությունները ընկալում են որպես կապիտուլյացիա։ Իսկ թե՛ Ուկրաինան, թե՛ եվրոպական պետությունները չեն գտնում, որ նրանք այն վիճակում են, որ հարկադրված են ընդունել Ռուսաստանի պահանջը փաստացի կապիտուլյացիայի վերաբերյալ, հատկապես հիմա, երբ խոսք է գնում Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման մասին՝ Ուկրաինային զենք և տնտեսական օգնություն տրամադրելու համար, իսկ այդտեղ խոսքը մեծ թվերի մասին է։ Ակնհայտ է, որ եթե եվրոպական պետությունները այդ քայլին գնան, այստեղ հիմնական դիմադրողը Բելգիան է, որովհետև նաև Բելգիան կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել հետագա դատական գործընթացներում։
Առայժմ դժվար է ամբողջական գնահատական տալ՝ ինչ հետևանքներ կունենան այս ամերիկյան վերջին պատժամիջոցները ռուսական էներգետիկ 2 հսկաների նկատմամբ։ Հասկանալի է, որ ազդեցություն կլինի, սակայն ինձ թվում է՝ որոշակի ժամանակ է պետք և, նաև, ավելի հստակ տվյալներ՝ հասկանալու համար ազդեցությունը։
Լիլիթ Աբրահամյան