Նոյեմբերի 8-ին ՀՀ կառավարությունից հայտնել են, որ ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։
-Կա՞ն տեղեկություններ, թե առաջիկայում, բացի ցորենից, ի՞նչ այլ ապրանքներ կբերվեն Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով։ Կա՞ն այլ երկրներ, որ ցանկություն են հայտնել շահագործել նշյալ երթուղին։
-Նշեմ, որ Հայաստան արտահանվող ապրանքների վերաբերյալ այդ արգելքի վերացումը միայն ցորենին չէր վերաբերում, Ադրբեջանը բոլոր ապրանքների համար է հանել, և եթե լինեն ապրանքներ, որոնցով Հայաստանը հետաքրքրված կլինի ներկրել Ռուսաստանից կամ Կենտրոնական Ասիայից նույն երթուղով՝ ադրբեջանական և վրացական երկաթուղիներով, իհարկե, մենք ուրախ կլինենք դա անել։ Ադրբեջանի կողմից որևէ ակնարկ չենք էլ լսել, որ դա միայն ցորենին է վերաբերվում կամ Ղազախստանի և Ռուսաստանի ապրանքներին։ Ինձ թվում է՝ Ադրբեջանը ևս շահագրգռված է, որ երկաթուղիներով ավելի շատ բեռնափոխադրումներ իրականացվեն։
-Ընդդիմությունը հարց է բարձրացնում՝ ո՞րն է վստահությունը, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա խաղաղության հռչակագրին՝ հաշվի առնելով նախկին տարիների փորձը։
-Հայաստանը և Ադրբեջանը նախորդ տարի ստորագրել և վավերացրել են սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը։ Այդ կանոնակարգում սահմանել են հստակ սկզբունքներ, այսինքն, դրանք երկու երկրներում ունեն բարձրագույն իրավական ուժ։ Առաջին անգամ նման փաստաթուղթ են ստորագրել, հիմքը դա է։ Սահմանազատման փորձը ցույց է տվել, որ ինչ պատկանում է Հայաստանին, մնացել է մեզ, իսկ ինչ պատկանում է Ադրբեջանին, մնում է իրեն, և այդ նույն տրամաբանությամբ պետք է շարժվել։ Կարծում եմ՝ դա Ադրբեջանի շահերից է բխում, քանի որ եթե հաղորդակցությունները բացվեն և մեր տարածաշրջանը ավելի շատ դառնա միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ տարածաշրջան, ապա կայունությունը մեր շրջանում, խաղաղության պահպանումը, կոպիտ ասած, «ձեռք է տալիս» նաև Ադրբեջանին։
Լիլիթ Աբրահամյան