Հարցազրույց

Քոչարյանի ամբողջ ասուլիսը մանիպուլյատիվ է. քաղաքագետ

Քոչարյանի ամբողջ ասուլիսը մանիպուլյատիվ է. քաղաքագետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 9-ի իր հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ-ն ամեն ինչ արել է, որ ռուսները Արցախից դուրս գան։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։

-Ըստ Քոչարյանի՝ ՀՀ կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսներն Արցախից դուրս գան։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Քոչարյանի ամբողջ ասուլիսը մանիպուլյատիվ է։ Այն, որ Հայաստանը ամեն ինչ արել է, որ ռուսները Արցախից դուրս գան, դա ռուսներին արդարացնելու պրիմիտիվ միջոց է, քանի որ մենք գիտենք՝ ընդհակառակը, Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի ռուսները մնան Արցախում և իրականացնեն իրենց պարտավորությունները՝ կապված խաղաղապահ գործունեության հետ։ Ավելին, մինչ այդ եղել են գործընթացներ, մենք գիտենք, օրինակ, Խովաևի այցը Հայաստան, տարբեր պաշտոնական հայտարարություններ Հայաստանի կողմից, որոնք հաստատում են։  Մասնավորապես, Հայաստանի վարչապետը պարզ տեքստով ասել է, որ Հայաստանը կողմ է Ռուսաստանի առաջարկած կարգավորման տարբերակին. ասվել է նաև Վլադիմիր Պուտինի ներկայությամբ։ Նույնիսկ Հայաստանը հայտարարել է, որ, այո՛, պատրաստ է քննարկել, ընդունել այն տարբերակը, որը առաջարկել կառաջարկի Ռուսաստանը Արցախի կարգավիճակի հետ կապված եղել է հայտարարություն՝ ՀՀ-ն պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որով հնարավոր կհամաձայնվի, որ ռուսական խաղաղապահ զորքերը մնան Արցախում 20 տարի։ Այսքանից հետո ասել, որ Հայաստանն է մեղավոր, անթույլատրելի է։

-Նա նշել է իր հարցազրույցում, որ եռակողմ հայտարարության պարտավորությունները Հայաստանը չի կատարել։ Ինչպե՞ս կգնահատեք նրա այս հայտարարությունը։

-Երբ որ լսում ենք, տպավորություն է՝ Ադրբեջանից ինչ-որ մեկն է խոսում, քանի որ բոլոր մեղադրանքներում Հայաստանն է մեղավոր, իսկ Ռուսաստանի ու Ադրբեջանը ոչ մի բան մեղավոր չեն։ Բոլոր կետերը խախտել են Ադրբեջանը և Ռուսաստանը, ընդ որում, հենց հաջորդ օրն է Ադրբեջանը խախտել՝ գերեվարելով հայ զինվորներին։ Ռուսաստանը այդտեղ ոչինչ չի արել որպես փաստաթղթի երաշխավոր, իսկ մնացած գործընթացները մենք տեսել ենք՝ խաղաղապահների ներկայությամբ Արցախը 10 ամիս պահվել է շրջափակման մեջ։ Իր ասածից ենթադրելի է՝ այն շրջափակումը, ինչ որ իրականացրել են, դա շանտաժ է եղել Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից, Հայաստանից միջանցք պոկելու համար։ Ըստ էության, դրա խոստովանությունը փաստացի մեղադրում է Հայաստանի, որ միջանցք չի տվել։

-Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը իրար հաջորդելով հարցազրույցներով հանդես եկան։ Ինչո՞ւ։

-Կարծում եմ, որ ինչքան հաճախ իրենք հարցազրույցներ տան, այնքան շատ ավելի լավ։ Հարցազրույցներով առկա սուտը բացահայտվում է, իսկ նպատակը հետևյալն է. առջևում ընտրություններ են, և նաև դատարաններում և իրավապահ մարմինների տիրույթում գտնվող գործերի հետ կապված, որոնք քննվում են։ Հիմնական 2 պատճառները սրանք են։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական