Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում և պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Այխան Հաջիզադեի հայտարարությունը։
-Հաջիզադեի հայտարարությունն անկլավների վերաբերյալ թույլ է տալիս կանխատեսել, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը կրկին կարող է ակտիվանալ, և դա կարող է ներառել այն սահմանային հատվածները, որոնք պարունակում են անկլավները։ Դա Տավուշի և Արարատի մարզերն են։ Իհարկե, նա կանխատեսում է, որ, պայմանավորված «TRIPP» նախագծի իրականացմամբ, շատ ավելի մեծ հավանականությամբ սահմանազատումը պետք է իրականացվեր Սյունիքի և նաև Արարատի մարզերում, որտեղ պետք է բացվեն սահմանակետեր։ Բայց տեսնում ենք, որ կրկին խոսում է անկլավների մասին. չի բացառվում, որ առաջիկայում ադրբեջանական կողմը կրկին օրակարգ բերի այդ հատվածների սահմանազատման գործընթացը։ Ինչպես հայկական կողմն է բազմիցս նշել, Երևանը ևս ունի ակնկալիքներ՝ Արծվաշենի և 2021-23թթ․ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերադարձը։
-Ադրբեջանը պատրա՞ստ է հարգել հայկական անկլավների անվտանգությունն ու ինքնիշխանությունը, թե՞ սա պարզապես լծակ է բանակցությունների համար։
-Ադրբեջանի տարածքում Հայաստանը ունի մեկ անկլավ, որը, ինչպես արդեն նշեցի, Արծվաշենն է, և նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները։ Հայաստանի պահանջը և ակնկալիքը պետք է լինի սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում այդ օկուպացված տարածքների վերադարձը։ Անկլավների լուծման այլընտրանքային ճանապարհ կա, որի մասին մի քանի անգամ խոսվել է, և որը ենթադրում է տարածքների փոխանակում։ Այսինքն, Արծվաշենը մնում է Ադրբեջանի տարածքում, իսկ Հայաստանի տարածքում իբրև անկլավ ներկայացվող շրջանները մնում են այստեղ։ Դա փոխադարձ պայմանավորվածություններ ենթադրող գործընթաց է։ Այդ մասին կողմերը նախկինում խոսել են, բայց առայժմ չեմ կարող ասել, ինչպիսի ընթացք կունենա, որովհետև բանակցությունները դեռ առջևում են։
-Նա նաև նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ չէ։ Ինչպե՞ս պետք է գնահատել Բաքվի հայտարարությունները՝ դրանք հստակ քաղաքական ճնշո՞ւմ են, թե՞ դիվանագիտական ռազմավարություն։
-Ադրբեջանական կողմը, «TRIPP» նախագծի վերաբերյալ պայմանավորվածություններից հետո «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս, առնվազն բարձրաստիճան իշխանությունների մակարդակում, այն ընկալում է այնպես, որ «Զանգեզուրի միջանցքը» սկսվում է Բաքվից և շարունակվում մինչև Կարս, իսկ «TRIPP»-ը այդ նախագծի մաս է կազմում։ Այսինքն, օգոստոսի 8-ից հետո նրանց հռետորաբանությունը այս տրամաբանությունն է ենթադրում։ Բայց կարող եմ ասել, որ նրանք շարունակաբար առաջ են մղում «միջանցք» ձևակերպումն իբրև այդ նախագծի անվանում, և չեմ կարծում, որ կհամաձայնեն դրանից հրաժարվել, քանի որ ահռելի ֆինանսական, դիվանագիտական, քաղաքական ռեսուրսներ են ծախսել այդ անվանումով ապաշրջափակման գործընթացն առաջ մղելու տեսանկյունից։ Թեպետ հաճախ սադրիչ բնույթ են կրում այդ հայտարարությունները, բայց Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շրջանում, նկատվում է, կա որոշակի ընկալում, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցքը» վերաբերում է միայն Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում կառուցվելիք ենթակառուցվածքներին, իսկ Հայաստանի տարածքում ճանապարհը կրում է «TRIPP» անունը։
Լիլիթ Աբրահամյան