ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցը, որը կբավականացնի «աշխարհը 150 անգամ պայթեցնելու» համար։ Ի պատասխան՝ ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստում։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհում ամենամեծ միջուկային զինանոցը, որը կբավականացնի «աշխարհը 150 անգամ պայթեցնելու» համար։
-Նորություն չի ասել Թրամփը։ Իսկապես, ԱՄՆ-ի միջուկային արսենալն ակնհայտորեն ամենամեծն է աշխարհում. ավելին ասեմ, ոչ միայն միջուկային, այլև՝ ընդհանրապես Միացյալ Նահանգների ռազմական հնարավորությունները գերազանցում են ամբողջ մնացյալ աշխարհի ռազմական հնարավորություններին՝ իրար գումարած, այնպես որ, որևէ զարմանալի բան Թրամփը չի հայտարարել։
-ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստում՝ ի պատասխան ԱՄՆ գործողությունների. սա ի՞նչ է նշանակում։
-Դա աշխարհաքաղաքական հակամարտության տրամաբանությունն է, Ռուսաստանն, իհարկե, այն առումով, որ միջուկային պատերազմում որևէ մեկը չի շահելու, որտեղ չկա 150 հատ աշխարհ, որպեսզի Միացյալ Նահանգները պայթեցնի, մեկ անգամը բավարար է, իսկ մեկ անգամ պայթեցնել կարող է նաև Ռուսաստանը։ Այս առումով, իհարկե, Ռուսաստանի պատասխանը որոշակի տրամաբանություն ունի, բայց պետք է հաշվի առնենք, որ թե՛ Թրամփի հայտարարությունը, թե՛ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն ընդամենը մեկը մյուսին զգուշացման տրամաբանություն ունեն։ Նշեմ նաև, որ վտանգն առ այն, որ կարող է ինչ-որ պահի միջուկային գործողություն տեղի ունենալ, կարծում եմ, չենք կարող ասել՝ ընդհանրապես չկա։
-Եվ առհասարակ, ինչո՞ւ են սկսել նման հայտարարություններ անել։ Ուղերձ կամ ենթատեքստեր կա՞ն այստեղ։
-Հիմնական պատճառն այն է, որ Թրամփը փաստացի ձախողեց ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու՝ իր նախընտրական խոստումի իրականացումը։ Ի վերջո, Միացյալ Նահանգներում, և անձամբ Թրամփը ևս, հասկացավ, որ այն լավատեսական սպասումները, որ ուներ Ռուսաստանի ռացիոնալության մասին, չեն արդարանում։ Իրականում իռացիոնալ է Ռուսաստանի ղեկավարության վերաբերմունքը աշխարհաքաղաքական և, նաև, տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ, և Միացյալ Նահանգները ստիպված է վերադառնալ ճնշման քաղաքականությանը։
Լիլիթ Աբրահամյան