Հոկտեմբերի 23-ին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն շարունակում է մնալ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։
-Այժմ Մասիսի քաղաքապետը ձերբակալված է, բայց շարունակում է մնալ «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն։ Այդ դեպքում դուք շարունակո՞ւմ եք սատարել իմպիչմենտի իրենց ծրագիրը։
-Նախ փաստենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում. շատ տարօրինակ է, երբ մարդը քաղաքական ակտիվություն է ցուցաբերում, դառնում է, օրինակ, իմպիչմենտի թեկնածու, անմիջապես կալանավորվում է 6 տարի 3 ամսով։ Մեր բոլոր հայտարարությունները ուժի մեջ են, բուն գործընթացի մասին ես այլ մեկնաբանություններ չունեմ, քանի որ մենք չենք նախաձեռնել գործընթացը։
-Ըստ մամուլի, հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանը չգլխավորի իր քաղաքական ուժի ցուցակը, այլ՝ որդին։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։
-Մամուլում շատ բան է գրվում, ես չեմ կարողանա, իմ կյանքն էլ չի հերիքի բոլոր դեղին մամուլի էջերը հերքելու կամ հաստատելու համար՝ ո՞վ կգլխավորի ցանկը, ի՞նչ ֆորմատով կլինի, ո՞ր ցանկը մասին է խոսքը։ Դրա մասին կլինի համապատասխան հայտարարություն, երբ ժամանակը կլինի։
-Սերժ Սարգսյան ասել է, որ իրենք իմպիչմենտի ծրագրով են գնում, դուք ևս տվեցիք ձեր ստորագրությունները․ այժմ ի՞նչ են անում, շփումներ լինու՞մ են։
-Մենք կապի մեջ ենք, և դրա անհրաժեշտությունը կա։ Որևէ խնդիր չկա․ եթե կլինի նոր առաջարկ, զարգացում կամ պատկերացում, թե ինչպես է թեկնածուն կալանավորումից հետո շարունակելու գործընթացը, միշտ պատրաստ ենք խոսակցության։
-Իրենց քայլերը գոհացնու՞մ են, թե՞ ոչ։
-Ամեն ինչ շատ լավ է։
Լիլիթ Աբրահամյան