Հարցազրույց

Իմ կերպարները ստիպել են ավելի խորությամբ հասկանալ մարդկային «ես»-ի բարդությունները. Մարիամ Վարդանյան

Իմ կերպարները ստիպել են ավելի խորությամբ հասկանալ մարդկային «ես»-ի բարդությունները. Մարիամ Վարդանյան

ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի դերասանուհի Մարիամ Վարդանյանի մասնակցությամբ նկարահանված «Shakkar» կինոնկարն ընտրվել է Arpa International Film Festival-ի գլխավոր ֆիլմ։ «Shakkar»-ի միջազգային պրեմիերան կլինի այդ փառատոնի ընթացքում։ Մարիամ Վարդանյանը «Shakkar» ֆիլմի սցենարիստներից ու պրոդյուսերներից մեկն է։

Այս կապակցությամբ Radar Armenia-ն զրուցել է դերասանուհի Մարիամ Վարդանյանի հետ։

- Մարիամ, քո «Shakkar» ֆիլմը լինելու է Arpa International Film Festival-ի գլխավոր ֆիլմ։ Ֆիլմի միջազգային պրեմիերան կլինի այդ փառատոնի ընթացքում։ Կխնդրեի՝ մի փոքր պատմես այդ ֆիլմի մասին. ինչպես ծագեց այն նկարահանելու միտքը։

- Ֆիլմի գաղափարը ծնվեց Նասիմի հետ, ով ֆիլմի ռեժիսորն է, ինչպես նաև՝ սցենարիստներից և պրոդյուսերներից մեկը։ Մի գեղեցիկ օր, երբ մենք փոխանակվում էինք մեր մտքերով ու գաղափարներով, հենց այդ պահին էլ ծնունդ առավ «Shakkar»-ը։

- Հայտնի է, որ այն նկարահանվել է քո ծննդավայրում՝ Գյումրիում. ինչո՞ւ հենց այնտեղ. ծննդավայրի կա՞նչն էր, թե՞ սցենարը «ստիպեց»։

- Ծննդավայրի կանչը միշտ ինձ հետ է։ Չնայած՝ ֆիլմի գաղափարը գլոբալ է, համամարդկային, որը չունի ազգություն, կրոն, տեղանք կամ ժամանակ, այնուամենայնիվ, Գյումրին չափազանց «սինեմատիկ» քաղաք է։ Իմ գաղափարն էր ցույց տալ Գյումրին ֆիլմի անկյունից, իր գեղեցիկ տեսարաններով, ամբողջ աշխարհին։ Ուզում եմ, որ աշխարհը տեսնի իմ Գյումրին։

- Ճի՞շտ եմ, որ դերասաններն ԱՄՆ-ից են։

- Ոչ միայն։ Դերասանական կազմը շատ ավելի բազմազան է։ Ունենք դերասաններ Հայաստանից, Եվրոպայից, ինչպես նաև՝ Պարսկաստանից։ Մենք ձգտել ենք ստեղծել միջազգային և բազմամշակութային թիմ։

- Արդյոք Հայաստանում ևս կցուցադրվի այս ֆիլմը։

- Անշուշտ, և ես անհամբեր սպասում եմ։

- Ի՞նչ ակնկալիքներ ունես ֆիլմի պրեմիերայից և ԱՄՆ-ում, և Հայաստանում։

- Ակնկալիքներիցս մեկն այն է, որ մեր ֆիլմը մեծ տարածում գտնի նաև կինոթատրոններում։ Ցանկանում եմ, որ «Shakkar»-ի միջոցով մենք կարողանանք հասնել լայն հանդիսատեսի, անկախ նրանից՝ դա տեղի կունենա Միացյալ Նահանգներում, թե մեր հայրենիքում՝ Հայաստանում։

- Ի դեպ, խոսեցինք քո ֆիլմի մասին, սակայն, կխնդրեի նաև անդրադառնալ Ձեզ։ Եթե մի փոքր չարենցյան ոճով հարցնեմ՝ ո՞վ է Մարիամ Վարդանյանը, որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է գնում։

- Ես Մարիամիկն եմ։ Ես գալիս եմ այն դրախտավայրից, որը կոչվում է Գյումրի՝ կրելով իմ մեջ նրա հումորը, նրա ցավն ու նրա տաքությունը։ Իսկ գնում եմ... գնում եմ դեպի այնտեղ, որտեղ լույսի ամեն մի շողը կդառնա պատմություն, և որտեղ արվեստով հնարավոր կլինի բուժել մարդկային ցավը՝ թողնելով իմ հետքը համաշխարհային կինոյի բեմահարթակին:

- Կարոտո՞ւմ ես քո ծննդավայրը, հաճա՞խ ես լինում։

- Իհարկե, շատ եմ կարոտում։ Եվ, այո, հնարավորինս հաճախ եմ լինում իմ ծննդավայրում։ Գյումրին ինձ համար միայն քաղաք չէ, այլ՝ ոգեշնչման և վերալիցքավորման մշտական աղբյուր։

- Քո ստեղծագործական ուղու մասին ևս խոսենք. սա, կարծեմ, քո հեղինակած առաջին ֆիլմը չէ։

- Իմ ստեղծագործական ուղին սկսել եմ դեռևս երեք տարեկանից՝ ներկայանալով Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Խորեն Աբրահամյանի գլխավորությամբ։ Մասնակցել եմ բազմաթիվ ներկայացումների, որոնցից են՝ «Կորադո» (Corado), «Անտիգոնե» (Antigone), «Ամառային գիշերվա երազ» (A Midsummer Night's Dream) և այլն։ Եղել եմ նաև բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Սինբադ. հինգերորդ ճանապարհորդությունը» (Sinbad: The Fifth Voyage), «Պարոն Ֆիքս-Իթ» (Mr. Fix It), «Չայնամանի շանսը» (Chinaman's Chance) և այլն:

- Քո խաղացած դերերից ո՞ր մեկն ես ամենաշատը սիրում, առանձնացնում. ի դեպ, և թատրոնում, և կինոյում։

- Անկախ դաշտից՝ թե՛ թատրոնում, թե՛ կինոյում իմ բոլոր կերպարներն ինձ ստիպել են փոխվել և ավելի խորությամբ հասկանալ մարդկային «ես»-ի բարդությունները։ Ի վերջո, ես սիրում եմ իմ բոլոր դերերը, քանի որ դրանք ինձ տանում են իմ անձնական ճանապարհորդությունը դեպի ինքս ինձ՝ ամեն անգամ բացահայտելով նոր շերտեր ու ճշմարտություններ։

- Մանուկ հասակից դերասանուհի լինել՝ ժառանգակա՞ն մասնագիտություն է։ Եթե ձեր մայրը չլիներ դերասանուհի, կգնայի՞ք այդ ուղղությամբ։

- Կարծում եմ՝ դա ավելի շատ ճակատագիր է, քան՝ պարզապես ժառանգականություն։ Մայրս ինձ համար եղել է լույսի ճառագայթ և ուղեցույց, բայց արվեստի կանչը... այն գալիս է մեր էության ամենախորքից։ Եթե նույնիսկ մայրս չլիներ դերասանուհի, ես համոզված եմ, որ կրկին կգնայի այդ ուղղությամբ։ Ես ի ծնե զգացել եմ իմ «տեղը»՝ բեմի վրա կամ տեսախցիկի առաջ։ Երևի, կգնայի մեկ այլ ճանապարհով, բայց, ի վերջո, այդ ճանապարհները պարտադիր կմիանային արվեստի մեծ խաչմերուկում։ Դերասանությունը մասնագիտություն չէ, այլ գոյության ձև։

- Ո՞րն է ձեր ամենամեծ երազանքը եղել, և հիմա որն է։

- Իմ ամենամեծ երազանքը միշտ կապված է եղել ոչ թե անձնական կարիերայի, այլ մարդկային վիճակի հետ։ Երազանքս այն է, որ երեխաների աչքերից հոսի ոչ թե ցավի արցունք, այլ ուրախության աղբյուր, և որ նրանց դեմքից ժպիտը երբեք չպակասի։ Այս երազանքը ոչ միայն եղել է իմ մտքում, այլև հիմա էլ իմ ամենամեծ նպատակն է։

- Ի՞նչ կմաղթեիք ձեր հանդիսատեսին, նաև՝ ընթերցողին։

- Սեր։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական