«ԱրմԴրոն» համայնքը նպատակ ունի զարգացնել անօդաչու թռչող սարքերի ոլորտը Հայաստանում, կրթել նոր սերնդի մասնագետների և ձևավորել գիտելիքի վրա հիմնված տեխնոլոգիական համայնք։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱրմԴրոն» համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանի հետ։
-Ե՞րբ է ստեղծվել «ԱրմԴրոն» համայնքը, և ստեղծման պահին ո՞րն էր այն հիմնական խնդիրը կամ բացը, որը տեսնում էիք Հայաստանում, և որը ձեզ ստիպեց քայլ անել՝ ստեղծելու համայնք։
-«ԱրմԴրոն» համայնքը հիմնադրվել է 2022 թվականին։ Ստեղծման նպատակը և հիմնական խնդիրը այն էր, որ Հայաստանում FPV դրոններով հետաքրքրվող շատ քիչ մարդիկ կային։ Որոշեցինք ստեղծել համայնք, որտեղ կկարողանանք FPV դրոններով զբաղվող մարդկանց միավորել և համատեղ ուժերով նպաստել զարգացմանը։ Երբ նկատեցի, որ FPV դրոնները հասարակ մավիկ տեսակի դրոններից տարբերող մարդկանց քանակը բավական քիչ է, կազմակերպեցի անվճար դասընթացներ, որոնց ընթացքում մարդիկ կարողացան իրենց առաջին գիտելիքները ստանալ։ Ի տարբերություն դրոններով զբաղվող տարբեր կազմակերպությունների, որոնք մինչ մեզ էլ կային, իրենք FPV դրոններով չէին զբաղվում, և նպատակն արդյունաբերությունն էր միայն ռազմական ոլորտում, իսկ կրթական ոլորտում բացը կար՝ որոշեցի այն լրացնել։
-Ո՞րն է եղել ամենադժվար պահը, երբ մտածել եք՝ գուցե պետք է կանգ առնել, և ինչպե՞ս եք հաղթահարել այն։
-Սկզբնական շրջանում շատ բարդ էր, քանի որ մարդիկ ոչինչ չէին հասկանում։ Նրանք պայքարում էին, որ այդ դրոնները այդքան էլ էֆեկտիվ չեն, ինչ կարելի էր անել դրոններով։ Սակայն ռուս-ուկրաինական պատերազմն էլ ցույց տվեց, որ այդ դրոնները ակտիվ կիառվում են թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական կյանքում։ Դրանից հետո սկսեցին հետաքրքրվել։ Դժվար էր այն առումով, որ ֆինանսավորումը ինքս էի կատարում, ինչպես նաև երբեմն մտածում էի՝ հնարավո՞ր է՝ հետաքրքրություն չկա, սխալ ուղղվածություն եմ ընտրել և չշարունակեմ։ Երբեմն հիասթափվում, կոտրվում էի։ Բավականին բարդ էր սկիզբը։
-Դուք առաջինն եք Հայաստանում, որ դրոնների ուղղությամբ ստեղծել եք հայալեզու կրթական բովանդակություն․ ի՞նչ արձագանքներ եք ստացել երեխաներից ու ծնողներից, և ինչպե՞ս եք զգում՝ փոխվե՞լ է վերաբերմունքը տեխնոլոգիական կրթության հանդեպ։
-Դասընթացների նկատմամբ մեծ չէ հետաքրքրվածությունը, քանի որ ամեն ինչը մարդիկ ձգտում են արագ ստանալ, իսկ մեր դասերը քանի որ դնում ենք ֆունդամենտալ գիտելիքներով, քայլերով, նրանք այդ ամենը բաց են թողում, կորցնում են իրենց գույքը, ապա նոր վերադառնում դասընթացներին։ Փոխարենը, կարող են սովորել մասնագետների կողմից։
-«ԱրմԴրոն»-ը հիմա արդեն ունի միջազգային կապեր ու մասնակցություններ։ Ո՞րն է ձեր հաջորդ մեծ նպատակը՝ տարածաշրջանային մրցույթներից դուրս, ինչպիսի՞ն եք պատկերացնում համայնքի զարգացումը առաջիկա 5 տարիներին։
-Մեր հաջորդ նպատակը միջազգային մեծ մրցույթների մասնակցելն է, Հայաստանում կազմակերպել աշխարհի և Եվրոպայի մրցումներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Չինաստանը դիմել էր Օլիմպիական կոմիտե՝ դարձնելու համար օլիմպիական սպորտաձև, եթե տեղի ունենա, կունենանք մարզիկներ՝ մեր խմբով կներկայացնենք Հայաստանը։ Այս ընթացքում ուզում ենք ընդլայնել մեր լաբորատորիաները տարբեր դպրոցներում։ Ի դեպ, ունենք ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված արտադպրոցական ծրագիր, և եթե շատ հովանավորներ լինեն, կկարողանանք ներդնել ծրագիրը։
Լիլիթ Աբրահամյան