Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ և Չինաստանի նախագահների հանդիպումը։ Բացի տնտեսական պայմանավորվածություններից, ինչ քաղաքական արդյունքներ գրանցվեցին այդ հանդիպման ժամանակ։
- Քաղաքական առումով նախ, իհարկե, փոխզսպման, լարվածության լիցքաթափման և քաղաքական համաձայնությամբ տնտեսական համագործակցությունը շարունակելու նպաստող հանդիպում էր կայացել։ Հիմնականը սակայն ԱՄՆ-ի կողմից չթողելն է, որ ՌԴ-Չինաստան առանցքը կազմվի, համալրելով այլ երկրներ։
- Ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ հանդիպումը աշխարհաքաղաքական առումով, նաև՝ գործող թեժ հակամարտությունների ճակատում։
- ԱՄՆ-Չինաստան երկխոսությունը կարող է ապալարված իրավիճակ ստեղծել հարավչինական ծովում և Թայվանում։ Չինաստանը առ այժմ տնտեսական բևեռ է։ Երկու բևեռները փոխկախյալություն ունեն։ Ներկա տնտեսական աշխարհակարգում ԱՄՆ-ը և Չինաստանը «դատապարտված» են համագործակցել։ Իսկ սրա համար քաղաքական հանգիստ ենթահող է պետք։ Թեժ հակամարտությունները հատկապես միջին Արևելյան տարածաշրջանում շարունակում են մնալ ԱՄՆ-ի վերահսկողության ներքո։ Այնտեղ Չինաստանը այս պահի դրությամբ չի ներգրավվելու։ Ավելի ուշ, երբ տնտեսական ներդրումների հերթը հասնի, այն ժամանակ զգալի կլինի Չինաստանի առկայությունը։
- Կխնդրեի անդրադառնալ միջուկային զենքի փորձարկման մասին հայտարարություններին. ՌԴ-ն նոր զինատեսակ է գործի դնում, ԱՄՆ-ը խոսում է միջուկային զենքի փորձարկումների մասին։ Սրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ, ինչի կարող են բերել։
- Հռետորաբանությունը կարող է անցնել փորձարկման փուլ։ Սա ևս փոխզսպման գործընթացի մաս կազմող գործողություն է։ Նոր սպառազինումներ կլինեն, ինչը ևս հսկայական տնտեսական շուկա է։ Ռազմական արդյունաբերությունը ներդրումային նշանակություն ունի հատկապես ցուցադրվածները սպառողական շուկա արտահանելու առումով։ Նորագույն սերնդի սպառազինությունները, գեթ ներկա ժամանակաշրջանում, ավելի ցուցադրելու և փորձարկելու համար են՝ վաճառելու նպատակով նաև։
- Այս համատեքստում ռուս-ամերիկյան հարաբերությունները ինչպես կգնահատեք, և հեռանկարները դրանց։
- Ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են, հակառակ երբեմն հնչող հայտարարություններին, որոնք երկխոսության գործընթացի տպավորությունն են թողնում։ Վաշինգտոնի համար դեռ պահը չի հասունացել Ուկրաինային պարտադրելու գնալ հրադադարի։ Մինչ այդ ԱՄՆ-ի ղեկավարությամբ կշարունակվի միջազգային ընտանիքի կողմից ՌԴ-ն մեկուսացնելու քաղաքականությունը։
Արման Գալոյան