Հարցազրույց

Եկեղեցին նույնպես հանրության առջև կրում է պատասխանատվություն. իրավապաշտպան

Եկեղեցին նույնպես հանրության առջև կրում է պատասխանատվություն. իրավապաշտպան

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ անելու պատճառը համարվել է հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկելը Հայոց եկեղեցուն, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին:

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է իրավապաշտպան Քրիստ Հովսեփյանի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված Արամ քահանայի շուրջ ստեղծված իրավիճակը։

-Տեր Արամ քահանայի շուրջ ստեղծված այս իրավիճակը ցույց է տալիս, որ եկեղեցու ներսում կան լուրջ կառավարման, հաղորդակցության և իրավական հստակության խնդիրներ։ Եթե քահանան արտահայտում է իր տեսակետը, և դրա համար ենթարկվում է ճնշումների, դա արդեն խոսքի ազատության սահմանափակում է, անգամ՝ եկեղեցական շրջանակներում։

-Եկեղեցականն իրավունք ունի՞ բարձրաձայնելու ներքին խնդիրները, թե՞ ոչ։

-Այո, իհարկե, ունի, թեև եկեղեցին գործում է կրոնական կարգերով, յուրաքանչյուր հոգևորական Հայաստանի քաղաքացի է, և սահմանադրությամբ երաշխավորված է նրա խոսքի ազատությունը։ Եթե նա բարձրաձայնում է ոչ թե քաղաքական, այլ՝ բարոյական կամ եկեղեցական անարդարություններ, դա պաշտպանված է մարդու իրավունքների շրջանակում։

-Որոշ մարդիկ ասում են, որ եկեղեցու ներքին հարցերին արտաքին միջամտություն չի կարելի։ Համաձա՞յն եք․ եթե ոչ, ինչո՞ւ։ 

-Միջամտություն՝ ոչ, բայց վերահսկողություն, կարծում եմ, այո։ Երբ խոսքը գնում է հանրային վստահության կամ հնարավոր իրավախախտումների մասին, հասարակությունը իրավունք ունի տեղեկանալ։ Իսկ եկեղեցին նույնպես կրում է պատասխանատվություն հանրության առջև։

-Տեր Արամը խոսել է եկեղեցու ներսում որոշ անարդարությունների մասին։ Կարո՞ղ է սա դիտվել որպես ներքին կարգի խախտում, ինչի համար էլ կարգալույծ արվեց։

-Նա իր միտքը արտահայտել է առանց ատելության կամ անհարգալից խոսքի, և չի կարող համարվել կարգապահական խախտում, ավելին, դա առողջ ինքնաքննադատություն է, որը կարող է օգնել եկեղեցուն՝ վերականգնել իր վստահությունը հասարակության շրջանում։

-Իսկ Մայր Աթոռն ինչպե՞ս պետք է արձագանքեր նման իրավիճակներին, երբ հոգևորականներն են խոսում։

-Կարծում եմ՝ Մայր Աթոռը պետք է գործի բաց և համբերատար ձևով, լսի հոգևորականներին, ներառյալ՝ տեր Արամ քահանային։ Ցանկացած պատժամիջոց պետք է հիմնված լինի արդար, թափանցիկ և փաստարկված ընթացակարգերի վրա, ոչ թե՝ անձնական կամ հուզական մոտեցման։

-Կարծիքներ կան, որ եկեղեցու ներսում կա «անհավասար վերաբերմունք» և նույնիսկ «վախի մթնոլորտ»։ Դա իրավապաշտպանի տեսանկյունից ինչպե՞ս է գնահատվում։

-Կարծում՝ եթե նման փաստեր կան, դա արդեն մարդու արժանապատվության և ազատ արտահայտման իրավունքի խախտում է։ Եկեղեցին, լինելով բարոյական հեղինակություն, պարտավոր է առաջին հերթին իր ներսում ապահովել արդարություն, ազատություն և անկաշառություն։

-Ինչպե՞ս կարելի է լուծել նման իրավիճակները՝ առանց եկեղեցու հեղինակությունը վնասելու։  

-Կարծում եմ՝ լուծումը պարզ է․ երկխոսություն։ Եկեղեցին պետք է վերադառնա իր սիրո և հանդուրժման ավանդույթին. եկեղեցի ասելով՝ նկատի ունեմ Մայր Աթոռի հոգևոր տունը։ Եթե կա հակասություն, այն պետք է քննարկվի ներսում՝ իրավական ճանապարհով, ոչ թե՝ վրեժխնդրության քարոզով։

-Ձեր իրավապաշտպան կազմակերպությունը պատրաստվո՞ւմ է արձագանքել Տեր Արամ քահանայի գործին։

-Այո՛, մեր նպատակն է պաշտպանել հոգևորականների և հավատացյալների քաղաքացիական իրավունքները, եթե լինեն խախտումներ կամ անարդար վերաբերմունք։ Մենք պատրաստ ենք իրավական աջակցություն ցուցաբերել մարդու եվրոպական իրավունքների չափանիշներին համապատասխան։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

4.4 /5
5
գնահատական