Լրացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցը։ Դեպքից անցել է 26 տարի, սակայն սպանվածների հարազատների համար ոճրագործությունը մնում է չբացահայտված։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի հետ։
-Տիկին Բախշյան, «27»-ի գործով որևէ առաջընթաց կա՞։
-Ոչ մի առաջընթաց չկա։ Ինձ հայտնի չէ, որպես դիմումատու, ես ինչ-որ բան պիտի իմանայի, բայց ոչինչ չեն ասել։ Վերջին անգամ քննչականում հանդիպել եմ Արթուր Պողոսյանին՝ ապրիլին։ Ինձ խոստացել են, որ տեղյակ կպահեն, բայց որևէ նորություն չկա։ Դե, գլխավոր դատախազին էլ բազմիցս բաց դիմել եմ. նորից որևէ պատասխան չկա։ Այսինքն, դատախազությունն ու քննչականն ինչ են անում, տեղյակ չեմ։ Շատ վրդովված ու վիրավորված եմ։
-Բայց ի՞նչն է խոչընդոտում, որ մինչև հիմա բացահայտված չէ ոչ մի բան։
-Ինձ մի՛ հարցրեք։ Ես չեմ կարող ասել։ Գնացեք, հարցրեք քննչականի պետին։ Անցյալ տարվա փետրվարին ԱԱԾ-ից գործը փոխանցել են նրան։ Ի՞նչ է արել։ Գնացեք՝ դատախազին հարցրեք. առաջինը ի՞նչ եք արել, ի՞նչ եք անում։
-Ձեր դիմումի հիման վրա վերաբացվել էր «27»-ի կազմակերպիչների մասով դրվագը։ Այդ ընթացքում տեղի ունեցած նախաքննությունը բավարարե՞լ է ձեզ։
-Բոլորովին չէ, որովհետև այդ ընթացքում ընդամենը գիտեմ, որ շատ մարդկանց կանչել են, հարցաքննել, բայց ովքեր են հարցաքննվել, պարզ չէ։ Չեն ասում՝ ինչ եզրակացություն կամ հետևություն են արել։
Լիլիթ Աբրահամյան