Հարցազրույց

Ուկրաինան՝ խաղատախտակ ԱՄՆ-ՌԴ բանակցություններին. Գանտահարյան

Ուկրաինան՝ խաղատախտակ ԱՄՆ-ՌԴ բանակցություններին. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել Պուտին-Թրամփ հանդիպում. արդեն հայտարարվել է, որ այն տեղի կունենա Բուդապեշտում։ Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումից։

- Չեմ կարծում, որ մեծ ակնկալիքներ պետք է ունենալ։ Բեկումնային պահ դեռ չի երևում։ Դիվանագիտական ուղին բաց պահելու և Ուկրաինայի փոխարեն բանակցելու փաստն այս ձևով է ընդգծվում։ Բուդապեշտյան հարթակը նույնպես Միացյալ Նահանգների որոշմամբ է ընտրված։ Թեև Հունգարիան նախապես պատրաստակամություն էր հայտնել միջնորդել այս բանակցություններում, այնուամենայնիվ, այս գործընթացում նրա դերը սահմանափակ է։ Միևնույն ժամանակ, Հունգարիային որոշ դեր է վերապահվում Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման համատեքստում։ Արևելյան Եվրոպայի դերը վերաիմաստավորվում է, և այդ առումով Հունգարիան, ըստ ամենայնի, դիտարկվում է որպես կարևոր հանգույց։

- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Tomahawk թևավոր հրթիռների սպառնալիքն է Մոսկվային դրդել բանակցել: Արդյո՞ք այդպես է, թե՞ սա ընդամենը քարոզչական հայտարարություն է։ Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հանդիպմանը համաձայնելը։

- Tomahawk հրթիռներ ուղարկել, սակայն, միաժամանակ, բանակցել. ահա ամերիկյան քաղաքականության ողջ փիլիսոփայությունն այս պատերազմի ընթացքում։ Սպառնալ և բանակցել՝ երկու գործողություն, որոնք ընթանում են զուգահեռ։ Այս հրթիռների կիրառման հարցը Ուկրաինան չի կարող ինքնուրույն որոշել. Միացյալ Նահանգները հստակ ցույց է տալիս, որ թե՛ բանակցողը, թե՛ պատերազմի ընթացքը վերահսկողն ինքն է։ Կարծում եմ՝ Ռուսաստանը շատ լավ է հասկացել այս իրողությունը։

- Այդ թևավոր հրթիռների մատակարարման հարցն, ըստ Ձեզ, ինչպե՞ս կլուծվի. Ուկրաինան կստանա՞ դրանք, ու ավելին՝ կկիրառի՞ ՌԴ դեմ։

- Ուղարկել, թե չուղարկել, կիրառել, թե չկիրառել՝ սա առևտրի և քաղաքական հաշվարկների թեմա է՝ խաղաքարտ ԱՄՆ-ի ձեռքում։

- Այս պահին ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հեռանկար տեսնու՞մ եք։

- Ինչ վերաբերում է պատերազմի դադարեցմանն, այս պահին նման հեռանկար չեմ տեսնում։ ԱՄՆ-ՌԴ գծի վրա դեռևս կան լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Այս պատերազմի կանգառներն ու վայրիվերումները, ինչպես նաև հնարավոր հրադադարը, սերտորեն կապված են հենց այդ հանգամանքների հետ։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական