ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չգնա պատերազմի կարգավորման, ապա Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել Tomahawk («Տոմահավկ») թևավոր հրթիռներ, որին ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Տոմահավկ» հրթիռները Կիև ուղարկելը կարող է վատ ավարտ ունենալ։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք հայտարարությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Ուկրաինային «Տոմահավկ» թևավոր հրթիռներ փոխանցելու հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու նախապայմանով:
-Ընդհանուր առմամբ, դա լուրջ ճնշում կլինի Ռուսաստանի վրա։ Նպատակը այն է, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրվի, և վերջինս գնա զիջումների, բայց ես չեմ կարծում, որ սա կկանգնեցնի Պուտինին, քանի որ նա ազարտային խաղացող է և, իմ կարծիքով, գնալու է մինչև վերջ՝ ընդհուպ մինչև Ռուսաստանի կործանում, բայց նա պատրաստ չէ այս փուլում կանգնեցնել պատերազմը։
-Ուկրաինայի նախագահը նշել է, որ եթե ստանան հրթիռները, դրանք երբեք չեն օգտագործվի խաղաղ բնակչության դեմ։ Ի՞նչ մարտավարական փոփոխություններ կարող են առաջանալ պատերազմի համատեքստում:
-Դրանք օգտագործվելու են Ռուսաստանի թիկունքին խորությամբ հարվածելու համար։ Իհարկե, քաղաքացիական բնակչությանը չեն հարվածի, դրա իմաստն էլ չկա։ Դրանք բավական թանկ հրթիռներ են, և հարվածել շենքի՝ իմաստ էլ չունի։ Ռազմավարական օբյեկտների են հարվածելու, ընդ որում, ոչ միայն ռազմական, այլև՝ նավթավերամշակման և գազավերամշակման օբյեկտների, քանի որ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը իր նավթագազային եկամուտներն օգտագործում է պատերազմը շարունակելու համար։
-ՌԴ-ն արձագանքել է այս ամենին. մասնավորապես, Պեսկովն ասել է, թե այս հրթիռների փոխանցումը «կարող է վատ ավարտ ունենալ», ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վրա»: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
-Պարզապես սպառնում են, բայց կարծում եմ, որ միայն խոսքերով Թրամփի վրա չեն կարող ազդել, քանի որ Թրամփը այդքան ջանքեր է գործադրել, որ պատերազմը դադարեցվի, բայց Ռուսաստանը չի ընդառաջում այդ ջանքերին, և այս պահին այլևս միայն այդպիսի սպառնալիքները չեն աշխատելու։ ԱՄՆ-ում Ռուսաստանից սպասում են կոնկրետ քայլեր՝ պատերազմը դադարեցնելու համար։ Եվ եթե այս հրթիռները փոխանցվեն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները ավելի կսրվեն։
Լիլիթ Աբրահամյան