Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա հարաբերությունների լարվածությունից ու երկար ընդմիջումից հետո նրանց առաջին հանդիպումն էր: Զրույցը կենտրոնացած էր երկու երկրների հարաբերությունների կարգավորման և անցած տարվա խնդիրների քննարկման վրա:
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի հետ։
-Հարաբերությունների լարվածությունից ու երկար ընդմիջումից հետո Պուտին-Ալիև հանդիպում է կայացել։ Ինչպես կմկենաբանեք այդ հանդիպումը։
-Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, ինձ թվում է, մի քանի հիմնական խնդիրներ կան, բայց ամենագլխավորը՝ Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Ռուսաստանը փոխի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ. այլևս չվերաբերի իրեն որպես փոքր հետխորհրդային պետության, այլ որպես տարածաշրջանային լիդերի, որի հետ պետք է հաշվի նստել։ Հիմնական խնդիրը, ինձ թվում է, սա է, մնացածը՝ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը և մի շարք այլ զարգացումներ, ավելի շատ ուղեկցող գործընթացներ էին։ Անկախ առաջնորդների հանդիպումներից, խորքային հարաբերություններում լարվածությունը կմնա։
-Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգացել են այս տարի․ հայտարարել է Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս հայտարարությունը ի՞նչ էր նշանակում։
-Տեսական հարաբերությունները, գուցե զարգացել են, մենք տեսնում ենք, որ առևտրաշրջանառությունը աճում է, և Ադրբեջանը ինչ-որ դեր է կատարում այդ Հյուսիս-հարավ միջազգային միջանցքում, նկատի ունեմ Հնդկաստան, Իրան, Ադրբեջան, Ռուսաստան։ Այսինքն, դա կա, բայց նորից եմ ասում՝ Ադրբեջանի խորքային պահանջը Ռուսաստանին, որ փոխի վերաբերմունքը։ Եթե Ռուսաստանը դա չանի, չի նշանակում, որ հարաբերություններ չեն լինի, տնտեսությունը չի զարգանա, առևտուր չի լինի, ոչ, բայց քաղաքական, *ռազմավարական առումով հարաբերությունները կմնան լարված։ Իսկ եթե Ռուսաստանը փոխի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ, այդ դեպքում, ռազմավարական առումով, հարաբերությունների կարգավորումը հնարավոր է։ Չնայած, էլի մի շարք խնդիրներ կմնան, սկսած նրանից, որ Ադրբեջանն ինտենսիվ առաջ է մղում պանթուրքական աշխարհի ստեղծման գաղափարը, ու իրեն ներկայացնում որպես կարևոր օղակ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև, որը, բնականաբար, Ռուսաստանի համար խնդրահարույց է, որտեղ թուրքական աշխարհը, հատկապես՝ Կենտրոնական Ասիան, նշանակում է հավելյալ պրոբլեմներ Ռուսաստանի համար։
Կա մեկ այլ խնդիր՝ Արցախի Հանրապետությունը, որովհետև դրանով Ռուսաստանը լծակից զրկվեց Հարավային Կովկասում, դժվար թե Ռուսաստանում դրա մասին մոռանան։ Բայց, ամեն դեպքում, եթե Ռուսաստանը ընդունի Ադրբեջանի նոր դերակատարումը, հարաբերությունների նորմային կարգավորումը հնարավոր է։
-Կարո՞ղ ենք ասել, որ ռուս-ադրբեջանական լարվածությունը, համենայն դեպս, հրապարակային դաշտում սրված վիճակն, անցյալում է։
-Հրապարակային դաշտում որոշակի մեղմացում կլինի, իսկ երկարաժամկետ, ռազմավարական առումով, ամեն ինչ կախված է նրանից, թե Ռուսաստանը կընդունի արդյոք Ադրբեջանի նոր դերը, թե ոչ։