Հարցազրույց

ՀԱՄԱՍ-ն իր «այո»-ն համաձայնեցրեց Թեհրանի հետ. Գանտահարյան

ՀԱՄԱՍ-ն իր «այո»-ն համաձայնեցրեց Թեհրանի հետ. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- Անդրադառնանք Գազայում հրադադար հաստատելու՝ Թրամփի նախաձեռնության ընդունմանը։ Ըստ Ձեզ, ի՞նչը ստիպեց կողմերին՝ գնալ նման քայլի ու ընդունել խաղաղության Թրամփի ծրագիրը։

- Երբ Նեթանյահուն Վաշինգտոնից ներողություն խնդրեց Կատարի իշխանություններից՝ կատարական տարածքների վրա հարձակվելու համար, արդեն որոշ նախանշաններից պարզ դարձան, որ հետագա քայլերը թելադրվում են ԱՄՆ-ի կողմից։ Այդ ներողությունը պարզապես Թրամփի հրահանգն էր։ Իսրայելի արագ համաձայնությունը ամերիկյան ծրագրին և ՀԱՄԱՍ-ին տրված ժամկետը՝ պատասխան ներկայացնելու համար, ենթադրում էին, որ ամերիկյան նախաձեռնությունը կողմերի վրա ճնշումների միջոցով պիտի համաձայնեցվի։ ՀԱՄԱՍ-ը մի քանի օր էր խնդրել իր պատասխանը տալու համար։ Կարծում եմ՝ պատասխանը համաձայնեցված էր Իրանի հետ։

- Արդյո՞ք սա երկարատև խաղաղության կտանի, թե՞ առաջին փուլի իրագործումից հետո էլի հնարավոր են մանր ու մեծ բախումներ։

- Հնարավոր է, որ տեղի ունենան ցնցումներ կամ հրադադարի խախտումներ։ Սակայն, երկարաժամկետ տեսանկյունից, թվում է՝ ձևավորվել է ավելի լայն համաձայնություն, քանի որ Թրամփը հայտարարեց, որ այս խաղաղությունը միայն Գազային չի վերաբերում, այլև, ընդհանրապես, ողջ տարածաշրջանին։ Սա ենթադրում է, որ տարածաշրջանի գլխավոր դերակատարների միջև ձեռք է բերվել ընդհանուր համաձայնություն։

- Այս իրադարձություններն ինչպե՞ս կանդրադառնան մեր տարածաշրջանի վրա։

- Գոյություն ունեն զուգահեռ զարգացումներ։ Թե TRIPP-ի, թե Գազայի անցումային կառավարությունը և խաղաղության գործընթացը վերահսկող միջազգային խորհրդի դեպքում, երկուսն էլ Թրամփի անձնական ներգրավմամբ են։ Երկու տարածաշրջաններում էլ նույն դերակատարներն են։ Հարավային Կովկասի դեպքում նկատելի է Միացյալ Նահանգների մուտքը տարածաշրջան և Իսրայելի համագործակցությունը Ադրբեջանի հետ, որը ուղղված է Իրանի դեմ։ Այս իրողությունները առկա են, բայց «կարմիր գծերը» շարունակում է սահմանել ԱՄՆ-ն։

- Կարո՞ղ է իսրայելա-պաղեստինյան հակամարտության դադարեցումը ազդել նաև ռուս-ուկրաինական հակամարտության վրա։ Եթե այո, ինչպե՞ս։

- Այդ ազդեցությունը դեռ ամբողջությամբ տեսանելի չէ։ Մաշեցնող այս պատերազմը դեռ պիտի շարունակվի։ Միջին Արևելքի պարագայում ևս խաղաղության բանակցությունները նախորդել են երկարատև պատերազմներին։ Գազայից հետո հերթը, ըստ ամենայնի, Սիրիայինն է, ապա՝ Լիբանանինը։ Կարծում եմ՝ դեռ չի հասել ռուս-ուկրաինական պատերազմի լիակատար զինադադարի պահը։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական