Հարցազրույց

Թրամփը ներկայացրել է պլան, որը հարմարեցված է մյուս դերակատարներին. Բադալյան

Թրամփը ներկայացրել է պլան, որը հարմարեցված է մյուս դերակատարներին. Բադալյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև իր առաջարկած խաղաղության պլանի առաջին փուլի իրականացման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը։

-Թրամփը անկասկած մեծ դեր է ունեցել։ Գիտենք՝ նա հայտարարել է, որ պլան է ներկայացրել կարգավորման, և իհարկե, սա նշանակում է, որ դերակատարում ունեցել է, բայց կարծում եմ նաև, որ Թրամփը, ինչպես միշտ հակված է իր դերակատարումը բավական մեծացնել։ Ըստ իս, այդ կարգավորումը ստացվել է կամ, համենայնդեպս, ստացվում է մնացյալ դերակատարների համաձայնության պայմաններում։ Կարծում եմ, Թրամփը պարզապես ներկայացրել է պլան, որը հարմարեցված է նաև մյուս դերակատարներին։ Հասկանալի է, որ ընդհանրապես, որևէ երկիր այսօր՝ առանձին վերցրած, ի վիճակի չէ համաշխարհային խաղատախտակի առանձին որևէ վանդակի վրա հաստատել ինչ-որ իրավիճակ, և եթե որևէ հարցում պետք է գալ համաձայնության և կայուն ռեժիմի հաստատման, ապա հնարավոր է դառնում միայն համապարփակ շահերի համադրման շնորհիվ։ Այստեղ այդ հանգամանքը տեղի է ունեցել՝ հաշվի առնելով հայտարարված հրադադարը և կարգավորման պլանը գործադրվելու բավական տեսանելի շանսեր է ստացել։

-Արդյո՞ք հնարավոր կլինի գնալ այդ լուծման, այլ ոչ թե մեկ-երկու քայլից հետո կրկին ռազմական գործողությունների վերսկսում։

-Կարծում եմ՝ կասկած չկա, որ խնդիրը մնում է, և քանի դեռ այն խորքային առումով չի ստանալու լուծում դարձյալ տարբեր տրամաչափի շահառուների շահերի համադրման տրամաբանությամբ, այն հստակ կարող է պայթել։ Սա ամենևին առաջին հրադադարը չէ ոչ միայն Գազայի հարցում, այլ ընդհանրապես՝ Մերձավոր Արևելքում։ Բազմաթիվ անգամներ հայտարարվել է այս կամ այն կոնֆլիկտային թեման կարգավորելու կամ համաձայնությունների գալու մասին, բայց տեսնում ենք, որ ռեգիոնը անընդհատ շարունակել է լինել պայթյունավտանգ ռեժիմում, և բռնկումներ տեղի են ունեցել։ Դրա պատճառն այն է, որ Մերձավոր Արևելքում բախվում են համաշխարհային կարգի համար պայքարող առանցքային դերակատարների շահերը, և շարունակում է լինել աշխարհաքաղաքականության գլխավոր խառնարաններից մեկը։ Այժմ այդտեղ ցանկացած առանձին վերցրած կոնֆլիկտ կարող է էֆեկտիվ կարգավորվել, եթե կտեղավորվի նույնքան էֆեկտիվ անվտանգության՝ ռեգիոնալ ավելի լայն ճարտարապետության համատեքստում։

-Սա հնարավո՞ր է ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենա նաև ռուս-ուկրաինական պատերազմի վրա, որը դադարեցնելու ուղղությամբ Թրամփը ևս քայլեր է անում։

-Ես չեմ կարծում, որ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն լինի ուկրաինական պատերազմի վրա, քանի որ Ուկրաինայում իրավիճակը գնում է լարվածության նոր մակարդակ, և այստեղ, կարծես թե, ոչ, իհարկե, գլոբալ իմաստով, ակտիվ, բայց օրգանական իմաստով, կարծես թե, առանձին պրոցեսներ են։ Բնական է, որ այդ խոշոր խաղացողները, տվյալ դեպքում՝ նույն Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, իրենց քննարկումներում, որ եղել է մինչև հիմա, հարցերը շոշափում են, իհարկե, գլոբալ համատեքստում, բայց, այդուհանդերձ, ուղիղ փոխկապակցվածություն տվյալ պարագայում մենք հազիվ թե ունենք։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական