Թբիլիսիում ՏԻՄ ընտրություններին հաջորդեցին բողոքի ցույցերը. ընդդիմադիրները գրոհեցի նաև նախագահական նստավայրի վրա։ Այդ ամենի ֆոնին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն երկրում անկարգություններ հրահրելու փորձերին աջակցելու մեջ մեղադրեց ուղիղ Վրաստանում ԵՄ դեսպանին։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։
-Վրաստանում ցույցերը ի՞նչ զարգացում կունենան։
-Վրաստանում ցույցերը նորություն չեն վերջին տարիներին։ Չեմ տեսնում, որ լուրջ փոփոխությունների դա կբերի ներքաղաքական կյանքում։ Անցած տարվա ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը չկարողացավ միասնական բևեռ ձևավորել, որով կարող էին հասնել իշխանափոխության։
-Վրաստանի վարչապետ Կոբախիձեն այդ ամենին աջակցելու մեջ մեղադրել է ԵՄ դեսպանին։ Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ ինչպե՞ս կզարգանա։
-Իրար մեղադրում են, բայց ելքը բոլոր կողմերի համար, նաև՝ Հայաստանի, կարևոր է, որ ինչ-որ քաղաքական ուժ կամ արևմտյան հայտնի գործիչ փորձի միջնորդությամբ հանդես գալ և կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Իսկ այլ սցենարի պարագայում Արևմուտքի հետ հարաբերությունների ճգնաժամն ավելի կխորանա, ինչը ոչ Վրաստանի, ոչ էլ Բրյուսելի շահերից է բխում, ոչ էլ, նաև, մեր։
-Ընդդիմության ձերբակալությունը շատ կոշտ պատասխան է իշխանության կողմից։ Ինչու՞ նման քայլի գնացին։
-Այդ մարդիկ սադրել են և հասարակությանը տարել ռազմավարական շենքի գրավման. Հայաստանում նմանատիպ դրսևորում ևս եղել էր։ Չեմ կարծում, որ կոշտ քայլ էր. համապատասխան գործողություն էր։ Նախագահի նստավայրը պահպանվող ռազմավարական կառույց է, և այնտեղ կատարվող որևէ գործողություն նման արձագանքի է արժանանալու։
-Այս ամենի ֆոնին ի՞նչ ներքին քաղաքական հաշվարկներ է կատարում «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը։
-Նրանք համարում են, որ ճիշտ են։ Դա էլ է խնդիրներ առաջացնում. Արևմուտքին քննադատում են, ասում են՝ մենք ճիշտ ենք, մեր էլեկտորատին չենք հիասթափեցնում, պետության շահերից ենք ելնում։ Նրանք այժմ էյֆորիայի մեջ են։ Այս պարագայում պետք է Բրյուսելը հասկանա, որ այսպես եթե շարունակվի, ավելի են վատանալու հարաբերությունները, և իրենց ազդեցությունը Վրաստանում կորցնելու են։
Լիլիթ Աբրահամյան