Թբիլիսիում, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, բողոքի ցույցեր են։ Ընդդիմադիրները գրոհել են նախագահական նստավայրը, այդ ընթացքում եղել են վիրավորներ։ Այդ ամենի ֆոնին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն երկրում անկարգություններ հրահրելու փորձերին աջակցելու մեջ է մեղադրել Վրաստանում ԵՄ դեսպանին։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։
-Վրաստանում ցույցերը ի՞նչ զարգացում կունենան։
-Հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրություններից հետո և դրան զուգահեռ Վրաստանում մեծ հանրահավաք իրականացվեց, որը ուղեկցվեց նաև նախագահական նստավայր ներխուժման փորձով, ինչին Վրաստանի իրավապահները պատասխանեցին ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Այս օրերին նույնպես ցույցը շարունակում է՝ երեկոյան ժամերին մարդիկ նորից դուրս են գալիս փողոց։ Դժվար է ասել, թե ինչ հունով կզարգանան առաջիկայում ցույցերը, և ընդհանուր զարգացումը ինչպիսին կլինի։ Բայց պիտի նշեմ, որ գոնե ընդդիմության ներկայացուցիչները և ընդդիմադիր առաջնորդները այս պահին մի կամ բանտարկված են, կամ նրանք, ովքեր հիմա փորձում են ինչ-որ բան իրենց վրա վերցնել և կազմակերպչական աշխատանքներ անել, չունեն այնքան հեղինակություն, որ կարողանան մոբիլիզացնել հավաքները։ Այնպես որ, առաջիկայում հանրահավաքները, կարծում եմ, կշարունակվեն, բայց դրանք ինչպես կզարգանան, ապագայում կտեսնենք։ Նաև ուզում եմ նշել՝ հավաքները իրականացվում են ոչ թե նաև հենց բուն ՏԻՄ ընտրություններից հետո, այլ գրեթե 1 տարի տևող ցույցեր են, որոնք նախկին խորհրդարանական ընտրություններից և Վրաստանի վարչապետի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարությունից հետո ընթացող ցույցերն են։
-Վրաստանի վարչապետ Կոբախիձեն ԵՄ դեսպանին մեղադրել է Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները խրախուսելու մեջ։ Ինչպե՞ս պետք է հասկանալ այս հայտարարությունը, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ Վրաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա։
-Վրաստանի և ԵՄ-ի հարաբերությունները վերջին 1 տարում, խորհրդարանական ընտրություններից առաջ էլ, շատ լարված էին, և այս ՏԻՄ ընտրությունները և 2024 թ․ խորհրդարանական ընտրությունները իրականացվեցին Արևմուտքի հետ բացահայտ առճակատման և հակասությունների ֆոնին։ Սրան զուգահեռ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ վրացական կողմը շատ ավելի սուր և կոշտ հռետորաբանություն էր որդեգրել և մինչ այդ էլ մեղադրանքներ հնչեցրել ԵՄ անդամ երկրների տարբեր դեսպանների վերաբերյալ, այդ թվում՝ Գերմանիայի դեսպանի, Միացյալ Թագավորության դեսպանի։ Ինչպես նաև նկատեցինք, Վրաստանում ԵՄ դեսպանին էր ուղղված մեղադրանքներ։ ԵՄ դեսպանը վերջերս մասնակցել է Վրաստանի ԱԳՆ-ում կազմակերպված դեսպանների հետ հանդիպմանը, որից հետո որևէ կերպ չի արձագանքել և հայտարարություն չի արել։ Իսկ ԵՄ-ից հայտարարությանն արձագանքել են՝ նշելով, որ անընդունելի են այդ բոլոր հայտարարությունները դեսպանի վերաբերյալ, և դրանք պիտի դադարեցվեն, և ընդհանրապես, եվրոպական երկրների դեսպանները ներկայացնում են իրենց երկրների պաշտոնական դիրքորոշումը։
-Ընդդիմության ձերբակալությունը կոշտ պատասխան չէ՞ իշխանության կողմից։
-Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը եթե ընդհանուր ենք դիտարկում, ապա նրանք ձերբակալվել են խորհրդարանական քննչական հանձնաժողովի նիստերին չներկայանալու համար։ Իսկ եթե խոսքը վերաբերում է հոկտեմբերի 4-ի հանրահավաքից հետո ձերբակալություններին, այստեղ նաև իրավական տեսանկյունից է հարցը, քանի որ կոչեր են հնչել ռազմավարական նշանակության օբյեկտ ներխուժելու, դրանցից հենց առաջինը՝ նախագահական նստավայր ներխուժելու։ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով են այս մեղադրանքներն առաջադրվել։
Լիլիթ Աբրահամյան