Հարցազրույց

Գազայի ամերիկյան նախագծի շուրջ պետք է համաձայնվի նաև Թեհրանը. Գանտահարյան

Գազայի ամերիկյան նախագծի շուրջ պետք է համաձայնվի նաև Թեհրանը. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

- ԱՄՆ-ն իսրայելա-պաղեստինյան հակամարտության ներկա փուլը կարգավորելու ծրագիր է ներկայացրել։ Սպասում են ՀԱՄԱՍ-ի պատասխանին։ Ինչպես կմեկնաբանեք տեղի ունեցողը։

- ՀԱՄԱՍ-ի կողմից պատասխանի ձգումը ինչ-որ բան նշանակում է։ Բանակցում են, առաջարկում որոշակի փոփոխություններ։ Կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս կա ամերիկյան նախագծին։ ՀԱՄԱՍ-ը ենթակա է Իրանի, Թուրքիայի և Կատարի ազդեցությանը։ Թուրքիան և Կատարը համաձայնել են նախագծին։ Մնում է Իրանի համաձայնությունը։ Դրա համար էլ բանակցում են․ չի ուշանա ՀԱՄԱՍ-ի պատասխանը։ Կախված է Իրանի դիրքորոշումից։ Չի բացառվում, որ այս ուղղությամբ Իրանն ու Վաշինգտոնը բանակցում են։

- Այսինքն, կարծում եք՝ այնուամենայնիվ, կարձագանքեն։

- Այո, շուտով կարձագանքի։ Հիմա ասում է, որ ավելի ժամանակի պետք ունի։ Փորձում է որոշ ուղղումներ մտցնել։ Գիտակցում է, որ սա ՀԱՄԱՍ-ի վերացումն է Գազայից։ Ըստ նախագծի՝ կազմվելու է անցումային կառավարություն։ Ենթադրվում է որ ՀԱՄԱՍ-ն աշխատում է այնտեղ անուղղակի ներկայություն ունենալ։ Դժվար առաջադրանք է։ Չստացվելու դեպքում ԱՄՆ-ից է կախյալ հետագա գործողությունների ծավալն ու տարողությունը։

- Ինքներդ այդ ծրագրի իրագործման, կարգավորման հեռանկար տեսնու՞մ եք։

- Եթե երաշխիքների հիման վրա խոսում են ոչ միայն Գազայի, այլև, ընդհանրապես, տարածաշրջանի խաղաղության ուղղությամբ գնալու մասին, դա ենթադրում է, որ համաձայնությունն, ըստ էության, լինելու է գլխավոր խաղացողների միջև։ Դրանցից է կախյալ այս գործընթացի արդյունավետ լինելը։ Դա դեռևս պարզ չէ։

- Նաև ակտիվ գործողություններ են ռուս-ուկրաինական ճակատում. սա ինչպես կմեկնաբանեք։

- ԱՄՆ-ն մի կողմից փորձում է զսպել ՌԴ-ին, մյուս կողմից զինում է Ուկրաինային։ Սա երկարատև պատերազմ է՝ հարգելով կարմիր գծերը։ Երկարատևությունը պլանավորված ռազմավարություն է հատկապես ԱՄՆ-ի կողմից։ 

- Ի՞նչ են նշանակում Tomahawk հրթիռների շուրջ այս քննարկումները. ՌԴ-ն զգուշացնում է, որ եթե Ուկրաինան գործածի, ապա դա միայն ԱՄՆ թույլտվությամբ է լինելու։

- Կարծում եմ՝ ճիշտ է թույլտվության տեսությունը։ Առանց ԱՄՆ-ի թույլտվության՝ Կիևը չի օգտագործի այդ սպառազինությունը։

- ԱՄՆ-ն իրո՞ք թույլ կտա հարվածել ՌԴ խորքին, թե՞ սա քարոզչական նպատակներով է հայտարարվում։

- Ավելի շուտ, դեկլարատիվ մակարդակի զգուշացումներ են, քան իսկապես խորքային հարվածների ծրագիր։ Նոր էսկալացիաները տեսանելի չեն։ Այնուամենայնիվ, ներկա կշռույթներով և ծավալներով պատերազմը շարունակվելու է։

- Այս դեպքում ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել։

- ՌԴ-ի շուրջ օղակների սեղմում, Ուկրաինայի հավելյալ կախյալություն ԱՄՆ-ից և Եվրոպայի մակարդակով անվտանգային և տնտեսական խնդիրների առաջացում։ Գլխավոր շահառուն մինչ այժմ ԱՄՆ-ն է, որ մրցավարի դեր է վերցրել և իր վերահսկողության տակ է պահում ռազմախաղի կանոններն ու սահմանները, ինչպես նաև՝ կարմիր գծերը։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական