Հարցազրույց

Ռեյտինգս բարձր է, դրա համար են ինձ քննարկում. Վարդան Ղուկասյան

Ռեյտինգս բարձր է, դրա համար են ինձ քննարկում. Վարդան Ղուկասյան

ԱԺ վերջին նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավորները խիստ քննադատել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ Միութենական պետությանն անդամակցելու և դրան դեմ արտահայտվողների մասին՝ «թրքահպատակ շան տղա» հայտարարության համար։ 

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ 

-Պարոն Ղուկասյան, կարծես Աժ-ում ամենաքննարկվող քաղաքապետերից մեկն եք դարձել, Ձեր անունը շատ է հնչում․ ո՞րն է պատճառը։

-Ռեյտինգս բարձր է, դրա համար խոսում են։ Երբ մարդու ռեյտինգը բարձր է լինում, հանձնարարականներ են ստանում ու հարձակվում են։

-Վերջին նիստում ՔՊ խմբակցության պատգամավորներից անընդհատ Ձեր՝ Միութենական պետությանը միանալու մասին խոսքերը քննադատեցին։

-ՔՊ-ն Թուրքիայից հանձնարարական է ստանում։ Մենք ունենք միութենական պետություն, որ ամրացնենք մեր պետության հիմքերը, որպեսզի պետությունը չվերանա․ հասկանալի՞ է։ Մենք պետության հետ կապված ոչ մի խնդիր չունենք՝ ով ուզում է լինի, եթե մեր անկախության հետ, ռուսը լինի, կամ ամերիկացին, մենք ազգովի դառնում ենք ֆիդայի, դա քննարկման առարկա չէ, որն իմ կարծիքն է, իհարկե։ Ուրեմն, մենք ասում ենք Միության կազմում ենք, ոնց՝ Եվրամիությունը, ոնց՝ մնացածը։ Աշխարհում ո՞ր պետությունն է էսօր անկախ, բոլորն էլ միություններ են կազմում, որպեսզի ամրապնդեն իրենց պետական շահերը,  հիմքերը․ միությունը դա է նշանակում։ Դե, սրանք անգրագետ մարդիկ են, էլի, իրենք չեն էլ հասկանում՝ մենք ինչ ենք հասկանում, հավանաբար։ Կամ իրանց թելադրում են Թուրքիայից, բան։ Իրանք ուզում են, որ էստեղ թուրքական լինի, մենք էլ չենք թողնի, միանշանակ։

-Բայց ՔՊ-ին շատ էր վրդովվեցրել «թրքահպատակ շան տղա» խոսքը, որ ասել էիք՝ ով դեմ է Միութենական պետությանը, նրան «թրքահպատակ շան տղա» կասեք։

-Թուրքահպատակ ասել եմ նրան, ով սրա համար ինձ բան ասի, որովհետև քոմենտներ են գրում լկտիավարի իմ խոսքերի տակ, քոմենտներ են գրում իրենց ֆեյքերը, ես դրա համար ասել եմ՝ ով սրա համար ինձ վատ բան ասի, նա թուրքահպատակ շան տղա է։ Եթե որևէ մեկն ինձ վատ բան է ասում։ Ով ինձ վատ բան չի ասում, ես իրան բան չեմ ասում։ Հետո, եթե ով էլ որ թուրքահպատակ է, իսկական, իրան ասում եմ, մի բան էլ քիչ եմ ասում։ Ով որ թրքահպատակ է, մեր ազգի ոխերիմ թշնամին է։ Եթե որևիցե մեկը էսօր անտեսում է մեր եղեռնը, հայրենիքը, մայրերի սպանությունները, ու իրանք մտածում են, որ սա կլինի իրենց բարեկամ, ես անպայման նմանատիպ մարդկանց, չնայած՝ ոչ միայն ես, այլև ինձ նման մտածող ազգի կեսը և ավելին, դրանց ասելու բան ունենք։ 

-Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Ձեր կողմից արված հայտարարություններին և ասել, որ երկրի ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է դուրս շպրտել քաղաքական և հանրային դաշտից։ Նա նաև նշել է, որ ընտրակաշառք է բաժանվել Գյումրիում:

-Ընտրակաշառք իրենք են բաժանել, իրենց լրատվականներն էլ նկարել են։ Այլ բան չունեմ ասելու։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական