Հարցազրույց

Դատարանից մեծ ակնկալիքներ չունեմ, բայց պետք է պայքարենք. Չերնամորյան՝ «Կովերի պարտեզի» մասին

Դատարանից մեծ ակնկալիքներ չունեմ, բայց պետք է պայքարենք. Չերնամորյան՝ «Կովերի պարտեզի» մասին

Սեպտեմբերի 24-ին Երուսաղեմի պատրիարքության միաբանների ընդհանուր ժողովը մերժել է Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ նոր գործարք կնքելու հարցը։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի հետ։

-«Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալական նոր գործարքի մասին խոսելիս՝ ի՞նչ հիմնական տարբերություններ կան 2021 թվականի՝ նախորդ աղմկահարույց պայմանագրի հետ։

-Ի տարբերություն 2021 թվականի պայմանագրի՝ հողերի չափը 2 անգամ ավելի է փոքրացել՝ 12 հազարից իջել է 7200 մ², որն ընդգրկում է միայն «Կովերի պարտեզը»։ Բայց ասում են (հայերը չեն տեսել այդ փաստաթղթերը), որ նոր պայմանագրում ընդգրկված են նաև Յաֆոյի հայկական հողերը։ Ըստ այս նոր պայմանագրի՝ ավելի շատ զիջումներ են կատարվել հայերին, ըստ որոնց՝ հողերի փոխարեն Յաֆոյի հողերն են ուզում վերցնել հայկական համայնքի ձեռքից, որն էլ խնդրի մյուս կողմն է։ Համենայնդեպս, 99 տարով ժամկետով վարձակալությունը գների հետ կապված որևէ փոփոխություն չի կրել։

-Ինչպես արդեն հայտնի է, հողերի վարձակալության նախագիծը մերժվել է։ Հայ համայնքի հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

-Երուսաղեմի միացյալ միաբանության ժողովը որոշեց մերժել այդ գործարքը՝ իբր թարմացված և հայի համար լավ պայմանագիրը։ Հաջորդը լինելու է մեր շարունակական պայքարը՝ իրավունքների վերականգնումը սուրբ հողի և ունեցվածքի նկատմամբ։ Դատական նիստը՝ համայնքը ընդդեմ Երուսաղեմի քաղաքապետարանի, որը ներկայացվել էր 2024 թվականի փետրվարին, քննվելու է հոկտեմբերի 25-ին։ Դա կլինի, եթե Իսրայելում նոր պատերազմներ կամ ցնցումներ տեղի չունենան։ Իսկ Երուսաղեմի պատրիարքարանը ընդդեմ այդ կազմակերպության դիմել էր դատարան 2023-ին, որին հաջորդել էր զինված հարձակում հայկական համայնքի վրա։ Համենայնդեպս, պայքարը շարունակելու ենք։ Եթե անհրաժեշտություն լինի, կշարունակենք մեր ցույցերը, որպեսզի Երուսաղեմի պատրիարքարանին նեցուկ կանգնենք և շարունակենք դատական հայցերի քննությունները։ Ունենք արդեն բավականին հմուտ և միջազգային փորձ ունեցող իրավաբաններ, որոնց վարձակալել է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» շարժումը։ Մեր համայնքին ֆինանսական աջակցություն է պետք, և կոչ եմ անում սփյուռքի բոլոր կառույցներին՝ նեցուկ կանգնել Երուսաղեմի հայկական համայնքին, քանի որ այստեղ խոսք է գնում ոչ թե մի կալվածքի, այլ հայկական ժառանգության պահպանության մասին։

-Ինչպե՞ս է այս հարցին նայում Իսրայելի իշխանությունը։ Որո՞նք են համայնքի սպասելիքները իշխանությունների արձագանքից։

-Պարզ է, որ Իսրայելի իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի հողաթափ անի ոչ միայն հայկական համայնքը, այլև քրիստոնեական բոլոր հարևանությունները։ Ենթադրենք, հայ ժողովուրդը հետ է գրավել Արևմտյան Հայաստանը, և Արարատ լեռը գտնվի թուրքերի ձեռքում։ Եվ նրանք նստած լինեն լեռան գագաթին։ Ամեն անգամ հայը, որ Արարատի փեշին գտնվող ուխտի ժամանակ տեսնի թուրքերին այնտեղ, նույն պատկերն ու ներքին համոզմունքն ունեն հրեաները, երբ հայկական համայնքը գտնվում է Սիոն սրբազան լեռան վրա։ Ամեն անգամ օրթոդոքս հրեաները այնտեղ հասնելու համար անցնում են միակ ճանապարհով՝ հայկական համայնքով։ Այնպիսի հայացքներ են նետում հայկական համայնքի և քրիստոնեական թաղամասի վրա, որ ցանկացած գին, ինչ էլ ասես, միայն թե այդ հողը վաճառես, հրեաները պատրաստ են տալ։ Մի երկիր, որ երկու տարվա ընթացքում 900 միլիարդ շեկել ծախսել է զենք-զինամթերք ձեռք բերելու վրա, ապա ինչպիսի միլիարդներ են պատրաստ տալ հայկական հողերի համար։ Այն մարդիկ, ովքեր այս գործարքը ձեռնարկել էին, ուզում էին շատ էժանով ձեռք բերել հայերի ունեցվածքը։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք դատարանից։

-Դատարանից մեծ ակնկալիքներ չունեմ, բայց պետք է պայքարենք։ Ցավոք, կա վատ օրինակ՝ Հունական պատրիարքության հետ կապված։ Նախկին պատրիարք Իրենիոս Առաջինը հողեր էր հանձնել իրեն ճանաչման դիմաց՝ Երուսաղեմի հին քաղաքում 2 շենք։ Հունական նոր կառավարությունը գործին խառնվեց, որը ավելի հզոր է, քան Հայաստանի կառավարությունը, քանի որ ունի բավականին ռազմավարական լուրջ ծրագրեր նաև Իսրայելի հետ կապված՝ Կիպրոսի և Միջերկրական ծովի ցամաքային շրջաններում գազի Եվրոպա տարանցիկ խողովակաշար կառուցելու հարցում։ Դրանով հանդերձ՝ դատարանը բացասական եզրակացություն կայացրեց ոչ հօգուտ հույների, և այդ հողերը փոխանցեցին հրեաներին։ Մենք պետք է աչալուրջ լինենք, հետևենք դատական գործընթացներին, որպեսզի նման նախադեպ չլինի հայ ժողովրդի հետ։

Մտահոգ եմ, որ այս պարագայում հիմնական փաստաթուղթը Երուսաղեմի հայոց պատրիարքարանը արդեն ստորագրել է, և դա բավարար հիմք է Իսրայելի դատարանի համար, որ այդ գործարքը համարի օրինական։ Եթե դրան հաջորդեց միաբանական ընդհանուր ժողովի որոշումը, և բեկանվեց երկրորդ ծրագիրը, դատարանը կարող է սա հաշվի չառնել։ Դատարանի համար հիմք չեն Երուսաղեմի միաբանական ժողովների որոշումները։ Սա պետք է ներկայացվի որպես օրինական հիմք, որպեսզի չեղարկվեն հետագա ոչ դրական որոշումները՝ մեր հայկական հողերի վարձակալության հետ կապված։

Լիլիթ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական