Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը
- Եվրոպական երկրներից մի քանիս օդային տարածք ԱԹՍ-ների ներխուժում է եղել: Դանիայում այս հարցով, կարծես, անհանգստացած են, իսկ նրանց վարչապետը նշել է, որ թեև փաստեր չունեն, որ ՌԴ-ն է սա արել, բայց Եվրոպայի համար կա մեկ երկիր, որն սպառնալիք է, և դա ՌԴ-ն է: Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը:
- Օդային ոտնձգությունները տարբեր ուղղություններով շարունակվելու են: Այս դեպքում խնդիրը լիարժեք կօգտագործվի Ռուսաստանի սպառնալիքը ահազանգելու առումով, անկախ նրանից, որ չի փաստվել անօդաչուների ելման կետը: Այս երևույթը ՆԱՏՕ-ի ուժերի համախմբմանը կծառայի, ընդ որում, ուժերի նոր տեղակայումների, սպառնալիքը վնասազերծելու առումով:
- Խոսվում է ՆԱՏՕ-ի կողմից պատասխանի, հակահարձակման մասին: Արդյո՞ք հնարավոր է լուրջ էսկալացիա:
- ԱՄՆ-ն կսատարի ՆԱՏՕ-ի ուժերի կուտակման գործընթացին, մյուս կողմից՝ չի խզի այն կամուրջները, որոնք հաստատվել են Մոսկվայի հետ երկխոսելու համար: Իրավիճակը վերահսկողության տակ պահելու առումով ԱՄՆ-ի դերը հստակ է, և դա շարունակվելու է:
- ԱՄՆ նախագահը նշել է, որ Թուրքիան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը: Սակայն Թրամփը խուսափել է հստակ պատասխանելուց՝ արդյո՞ք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայն է դրան: Թուրքիան կգնա՞ ՌԴ-ի դեմ քայլերի:
- Թուրքիան, որոշակի առումով, ունի էներգետիկ կախվածություն Ռուսաստանից: Մոսկվան, պատժամիջոցների տակ, Թուրքիային պետք է էներգիա արտահանելու համար: Այս հանգուցային կետով է բացատրվում Անկարա-Մոսկվա «համագործակցությունը»՝ հակառակ ռազմավարական շահերի բախման այլ պատճառներին: Թուրքիայի ու ՌԴ-ի համագործակցության չափը ճշտում է ԱՄՆ-ն: Այդ առումով, Անկարային թույլատրված չէ հատել ԱՄՆ-ի ճշտած սահմանները:
- Կխնդրեի գնահատել ռուս-ուկրաինական հակամարտությունում ներկայումս ստեղծված իրավիճակը և բանակցային գործընթացի հեռանկարները: Կարծես, չնայած հրապարակային խոսքերին, բանակցություններն ակտիվ ընթանում են:
- Բանակցային գործընթացը բաց է, թեև խնդիրը փակուղում է: Այս պատերազմի նպատակներից հիմնականը երկարատևությունն է: ՌԴ-ին ներգրավված պահել, սահմանամերձ շրջաններում ՆԱՏՕ-ն տեղակայել, նոր բանակցել: Այս ուղեգիծը շարունակվելու է: Խաղաղությունը դեռևս տեսանելի չէ:
- ԱՄՆ-ում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին ելույթ ունեցավ նաև Ադրբեջանի նախագահը՝ խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մասին: Ի վերջո, Ձեր կարծիքով, կգնա՞ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման՝ առանց ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջի կատարման, թե՞ կպահպանի պահանջը:
- Ստորագրության ժամկետը որոշողը ԱՄՆ-ն է: Եթե TRIPP-ի գործարկումը անմիջական հրատապություն է ԱՄՆ-ի համար, այդ դեպքում ճնշումները կսաստկանան, և Բաքվի նախապայմանները նշանակություն չեն ունենա: Թվում է, սակայն, որ ԱՄՆ-ն ավելի շահագրգռված է ներկա պահին խաղաղություն հաստատելով, քան հաղորդուղիներ բացելով: Ավելի շուտ, ՌԴ-ի դերը տարածաշրջանում վերափոխելով: Մնացյալները ածանցյալ խնդիրներ են և երկրորդական նշանակություն ունեն աշխարհաքաղաքական հայացքով:
- Ալիևը նշել է, թե վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP ծրագիրն է, որը կապահովի անարգել անցում «Զանգեզուրի միջանցքով» և կամրապնդի տարածաշրջանային կապերը: Արդյո՞ք տեսանելի է այդ ծրագրի իրագործումը, և ի՞նչ ժամկետներում:
- Այս հարցը սերտորեն կապված է նախորդին: Գործընթացների արագացումը, առկախումը կամ դանդաղեցումը կախված են տարածաշրջանում ընթացող ԱՄՆ-ի ներթափանցման առաջադրանքի հրատապությունից կամ ռուսական գործոնի հեռացման ուղղությամբ արվող քայլերի աշխուժացումից: Խաղաղության պայմանագրի նախաստորագրությունից ստորագրություն անցումը ենթակա է այս բախումների հետևանքներին:
Արման Գալոյան