ՄԱԿ-ի 153 անդամ պետություն, ինչպես նաև՝ Վատիկանը, ճանաչել են Պաղեստինի անկախությունը։ Ֆրանսիայից բացի, ցուցակին վերջինը միացել են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի հետ։
-Եվրոպական մի քանի երկրի կողմից Պաղեստինի ճանաչման հայտարարություններ եղան, իսկ Ֆրանսիայի նախագահը ՄԱԿ ամբիոնից հայտարարեց այդ երկրի ճանաչման ամսին։ Ի՞նչ է սա նշանակում, ինչու՞ հիմա գնացին այդ քայլին։
-Այո, Մոնակոյի թագավորությունը ևս հայտարարել է, որ պետք է ճանաչի։ Ռազմական գործողությունները գնալով աճում են, և հիմնական ժողովուրդը, որ տեղակայված էր Գազայի գոտում, ապրում էր քաղաքի կենտրոնական թաղամասերում, որտեղ նաև փախստականների ճամբարներն էին գտնվում։ Սրա հետ կապված ռազմական գործողությունները գնալով թեժանում են, և միջազգային հանրությունը այսկերպ փորձում է ճնշում գործադրել Իսրայելի վրա, որ նա դադարեցնի ռազմական գործողությունները։ Սա է պատճառը, որ սկսվել է պետության ճանաչման գործընթացը։
-Պաղեստինի ճանաչմանն ի՞նչ է հետևելու։
-Փաստացի ճանաչումից տասնյակ տարիներ անց էլ Պաղեստին պետությունը չի ձևավորվում, քանի որ լուրջ պատճառներ կան։ Եվ ինչքան էլ պետությունները ճանաչեն, այժմ պետություն հնարավոր չէ ստեղծել։
-Ի՞նչ է լինելու ՀԱՄԱՍ-ի հետ։
-ՀԱՄԱՍ-ը մինչ օրս չի ուզում զինաթափվել։ Միայն ահաբեկչական ձևով են պայքարում։ ՀԱՄԱՍ-ը, բոլոր միջազգային կառույցները, ամենագլխավոր կառույցը Պաղեստին պետության ստեղծման կապում են ՀԱՄԱՍ-ի զինաթափման, որպես շարժման և կուսակցության վերացման հետ։ Բայց ՀԱՄԱՍ-ը սրա հետ համաձայն չէ։ Վերջիվերջո, միլիարդավոր դոլարներ է ստացել իր հովանավորներից և պետք է դա օգտագործի։ Բայց ինչ մեթոդներով է կռվում՝ հիշենք հոկտեմբերի 7-ը։ Քանի հարյուր հոգու գողացան, թալանեցին, բռնաբարեցին, երեխաներին կենդանի այրեցին։ Այս բոլոր վայրագություններով հանդերձ, միջազգային հանրությունը, ինչքան էլ մեղադրի Իսրայելին, չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ, որ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Իսրայելի վարչապետի հայտարարությունները, որ Պաղեստինի պետություն չի լինի։ Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
-Քանի իշխանության գլխում Նաթանյահուի կառավարությունն է, ապա այո, նրանք ամեն ինչ կանեն, որ Պաղեստին պետության ստեղծում թույլ չտան։ Ինչպես կարող է Իսրայելը դա թույլ չտալ․ շատ հանգիստ։ Իսրայելը կանաչ գծից այն կողմ այնքան տարածքներ է վերցրել Պաղեստինից և այսօր շարունակում է նոր բնակավայրերի կառուցումը այդ հողերի վրա։ Եթե նույնիսկ քարտեզ ցանկանաք գծել, հնարավոր չէ բաժանարար գիծ տանել երկու պետությունների միջև։ Այսօրվա դրությամբ կա անկլավ Գազայի գոտին, որը գրեթե հաղորդակցություն չունի Պաղեստինի ինքնավար մարզի հետ։ Այս պահի դրությամբ, եթե դիտարկենք 1947-48 թվականների կամ 90-ականների քարտեզները, կտեսնենք, որ բնակավայրերը կապված են։ Հնարավոր չէ խոշոր քաղաքները, օրինակ՝ Արիել քաղաքը, պատկերացնել Պաղեստինի կազմում։ Չենք կարող պատկերացնել, որ Իսրայելը նման խոշոր քաղաքները, որոնք արդեն 70-ական թվականներից հետո դարձրել են քաղաքներ և բնակավայրեր՝ տասնյակ հարյուրավոր բնակիչներով, զիջի Պաղեստինի ինքնավար մարզին։ Իսկ այժմ էլ Իսրայելի ֆինանսների նախարարը, ներքին անվտանգության նախարարը որոշել են Երուսաղեմում «Մաալե Ադումիմ» կոչվող այս տարածքում նոր բնակավայր կառուցել մի քանի հազար հոգու համար, որը ընդհանրապես այնպիսի ջրբաժան գծեր կստեղծի, որ ֆիզիկապես ցանկանան էլ, չեն կարող Պաղեստին պետություն ստեղծել։ Որտե՞ղ, ի՞նչ մայրաքաղաքով։
Խոսում են Արևելյան Երուսաղեմը որպես մայրաքաղաք ճանաչելու մասին, բայց այն հին քաղաք է և բաղկացած է 4 թաղամասերից՝ քրիստոնեական, հայկական, արաբական և հրեական։ Հիմա ինչպե՞ս պետք է հին քաղաքը կիսեն։ Ո՞ր մասում ում են տալու։ Քրիստոնեականը մնալու է հրեականի կազմի մե՞ջ, թե՞ միանալու է արաբականին։ Այդ դեպքում, որպես Իսրայելի քաղաքացի, ինչպե՞ս ենք մեր իրավունքները պաշտպանելու՝ աղոթելու, գնալու մեր սրբավայրերը։ Հարցը երկար տարիներ քննարկվել է, և ինչքանով տեղյակ եմ, հայկական պատրիարքարանը ուզում է մնալ Իսրայելի կազմում, ոչ թե՝ Պաղեստինի։ Քանի որ Իսրայելի քաղաքացիները ունեն արևմտյան երկրներին բոլոր իրավունքները՝ մարդու ազատարար բոլոր իրավունքները։ Եվ բոլոր՝ և՛ սոցիալական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումներով պաշտպանված առավելություններ։ Սա է իրականությունը։ Քանի Նաթանյահուն ղեկավարում է, ոչ մի հետևանք սա չի կարող ունենալ։ Միայն սահմանված պատժամիջոցներն են կամ տարբեր ռազմական ապրանքների, եվրոպական զենք արտադրող կորպորացիաների կողմից իսրայելական ապրանքների բոյկոտումը։
Լիլիթ Աբրահամյան