ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հիասթափեցրել է իրեն Ուկրաինայի խաղաղության ջանքերի հարցում։ «Պատերազմը բոլորովին այլ բան է», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Նորայր Դունամալյանի հետ։
- Ինչպե՞ս եք գնահատում Թրամփի այս խոսքերը․ դրանք պարզապես հռետորակա՞ն դրսևորում են, թե՞ իրական նշան, որ Վաշինգտոնում այլևս սպասելիքներ չունեն Մոսկվայից։
-Թրամփի ռազմավարությունը այդ տեսանկյունից միշտ առանձնացել է այն իմաստով, որ փորձում է ազդել Ռուսաստանի վրա փափուկ և ավելի կոշտ քաղաքականության միջոցով, օրինակ, և՛ բանակցությունների, և՛ պատժամիջոցների։ Կարելի է ասել՝ այդ խոստովանությունն այս քաղաքականության շարունակությունն է, այն իմաստով, որ հետագայում կփորձեն տեսնել, թե ինչ արձագանք է լինելու ռուսական կողմից, և ինչպես այն կարտահայտվի հստակ իրավիճակի շրջանակներում։ Նաև պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն այսպիսի հայտարարությամբ, գուցե, փորձում է պատասխանատվությունից փախչել այն իմաստով, թե ինչ գործընթացներ են գնալու հետագայում և՛ Եվրոպայում, և՛ ուկրաինական կոնֆլիկտի շրջանակներում։ Չի կարելի ասել, որ դա ուղղակի անկեղծության մի դրվագ էր Թրամփի կողմից։
- Ի՞նչ հետևանք կարող է ունենալ սա ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վրա։
-Դա կախված է նաև նրանից, որ ԱՄՆ-ն իր գործողությունները միշտ կապում է այլ դերակատարների գործողություններից, օրինակ, իր վերջին հայտարարությունը՝ կապված նրա հետ, որ ինքը կկարողանա պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի այլ անդամներ նույնպես այդ քայլին գնան։ Դա ցույց է տալիս, որ ավելի շատ մարտավարական երևույթ է, որը նպաստում է պատասխանատվության լղոզմանը, այսինքն, ոչ թե ես եմ պատասխանատվությունը վերցնում ինձ վրա, այլ բոլորը։ Ու, ըստ դրա, ազդանշան է Ռուսաստանի համար, որ ԱՄՆ-ն չի փորձում ուղիղ առճակատման գնալ, այլ փորձում է ավելի շուտ դուրս գալ այն իրավիճակից, որի մեջ ինքը փորձեց մտնել ընտրություններից հետո, երբ Թրամփը հայտարարել էր՝ 24 ժամվա մեջ կլուծի հարցերը, բայց այդպիսի բան չեղավ. արդեն անցել է մի քանի ամիս, և որևէ փոփոխություն չի եղել կոնֆլիկտում։ Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է ավելի գլոբալ համատեքստում փոխվել, քանի որ Ալյասկայում հանդիպումից հետո, ինչպես նաև Չինաստանում՝ ռազմական շքերթի համատեքստում, շատ երկրների ներկայացուցիչներ էին եկել, ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանին իր կողմը տանել՝ Չինաստանի դեմ ընդհանուր ճակատ բացելով, բայց հասկանալի է, որ այդպիսի բան չի կարող լինել։ Դա նյարդայնացնում է Թրամփին, և նա փորձում է այսպիսի գործողություններով ազդել Ռուսաստանի քաղաքականության վրա, բայց ինձ չի թվում, որ դա կբերի վերջ կոնֆլիկտի խորացմանը։
-Թրամփը շեշտել է, որ պատերազմը «բոլորովին այլ բան է, քան սպասվում էր»։ Ձեր կարծիքով՝ սա խոսո՞ւմ է այն մասին, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները սխալ են գնահատել Ռուսաստանի քայլերը և պատերազմի ընթացքը։
-Ի սկզբանե Թրամփը, այսպիսի հայտարարություն անելով, մեղադրում է ոչ թե իր, այլ նախորդ վարչակազմին՝ Բայդենի գլխավորությամբ, և՛ ԱՄՆ-ն մինչև 2025թ․, և՛ եվրոպական որոշ երկրներ սխալ հաշվարկներ էին անում Ուկրաինայում այդ կոնֆլիկտի աջակցման տեսանկյունից, ու այսօր ԱՄՆ-ն փորձեր է կատարում այդ կոնֆլիկտի վերջը դնելու տեսանկյունից, բայց էլի նույն միտքը կրկնեմ, որ ԱՄՆ-ն փորձում է նահանջել, քանի որ այն փորձերը, որոնք կային ի սկզբանե՝ որպես խաղաղարար, չիրագործեց վերջ ի վերջո, և Թրամփը, ըստ դրա, արդարացնում է իր ապագա գործողությունները, իսկ Եվրոպայի քայլերը Եվրոմիության տեսանկյունից պետք է նայել։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ի աջակցության բացակայության պարագայում եվրոպական երկրները նույնպես կդրսևորեն ավելի մեղմ քայլեր ռուս-ուկրաինական կոնֆլիկտի տեսանկյունից, ու միգուցե մենք ապագայում արդեն կտեսնենք, որ ուկրաինական կողմը նույնպես կհամաձայնվի ուղիղ բանակցությունների ռուսական կողմի հետ։ Բայց դա արդեն կախված է, թե ռուսական կողմը ինչքանով է պատրաստ գնալ ուղիղ բանակցությունների։
Լիլիթ Աբրահամյան